ՁԻ ՆՍՏՈՂԸ ՆՐԱ ՄԻՍԸ ՉԻ ՈՒՏԻ
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Պարզվել է, որ նրա մտավախությունն անհիմն չէր: Հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ հյուրասեր տանտերերն արքայազնին հրամցրել են չուչուկ` ղրղըզների ազգային խոհանոցի պարծանք ճաշատեսակներից մեկը` պատրաստված ձիու մսից: Ոչ միայն հրամցրել են, այլև պատմել այն պատրաստելու մանրամասները` սկսած ձիուն մորթելու տեսարանից: Եվ արևելյան հյուրասիրության համաձայն` չափից ավելի են խնդրել հյուրին գոնե համտեսել այն: Ուշագրավը տոհմիկ բրիտանացու զրոյական վերաբերմունքն է. ժպիտը սառել էր նրա քարացած դեմքին: Նա, բնականաբար, մատով չի դիպել այդ չարաբաստիկ չուչուկին, ինչպես նաև մյուս ուտելիքներին, որոնց առատությունից սեղանները ճկվել էին: Ղրղըզ դիվանագետները չեն հասկացել կատարվածը: Ակաևը, որ բարձր ինտելեկտի տեր և փորձառու անձնավորություն է, անմիջապես գլխի է ընկել, թե ինչն ինչոց է: Արքայազնը չէր կարող ուտել իր ամենասիրելի կենդանու միսը: Դա, ըստ նրա, նշանակում էր դավաճանել հարազատին, ավելին` դա նրա համար նշանակում էր մարդակերություն` կանիբալիզմ: Ասում են, որ Ակաևը, լինելով էությամբ զուսպ, իսկ քաղաքական հայացքներով` դեմոկրատ, ընդունելությունից հետո աղմկոտ սկանդալ է սարքել իր աշխատակազմի և արտգործնախարարության գլխին, անգամ սպառնացել նախարարին հեռացնել աշխատանքից... Իսկ Չարլզի մեծ հայրենակից Ուինստոն Չերչիլը` այդ ականավոր քաղաքական գործիչն ու դիվանագետը, որի նմանները, ինչպես ասում, են հարյուր տարին մեկ են ծնվում, թքած ուներ դիվանագիտական բոլոր կանոնների և էթիկայի վրա: Եվ նրա արհամարհական, երբեմն էքսցենտրիկ խոսքերն ու արտահայտությունները ներվում էին, քանզի դրանք, որպես կանոն, սուր էին, անվրեպ և հումորով շաղախված: Քաղաքական մեծ գործչի խոսքն ասես լույսի փայլատակում էր լոնդոնյան գորշ երկնակամարում, որը ոչ թե անհետանում, այլ գալիս է լրացնելու համաշխարհային աֆորիզմների շտեմարանը: ![]() Չերչիլը հեգնում էր թունոտ, սարկազմով` սպանիչ հակահարված հասցնելով դիմացինին` ի պատասխան նրանից կրած վիրավորանքի: Բարձրաշխարհիկ ճաշկերույթներից մեկի ժամանակ ազնվական մի տիկին նկատողություն է անում Չերչիլին. – Սը՜ր, Դուք հարբած եք: – Այո՜,– պատասխանում է Չերչիլը,– իսկ Դուք այլանդակ եք: Բայց վաղը ես լուրջ կլինեմ, իսկ Դուք, մեկ է, կմնաք նույն այլանդակը: Դիվանագիտության պատմության մեջ հայտնի են խայտառակ սկանդալներ, որոնք ծագել են, երբ այցելության եկած օտար պետությունների ղեկավարները ծանոթ չեն եղել տվյալ երկրի ազգային սովորույթներին, ինչպես նաև այնտեղ ընդունված ժեստերի լեզվին: ԱՄՆ-ում բռունցքը` վեր բարձրացրած բթամատով, ամենքին է հայտնի, նշանակում է «օ՜քեյ»: Մինչդեռ այլ մշակույթներում այն ունի բոլորովին այլ իմաստ: Երբ Բրազիլիայում Ռիչարդ Նիքսոնը ստադիոնում ելույթի ժամանակ ցուցադրել է այդ կոմբինացիան, բարձրացել է անասելի աղմուկ, ծիծաղ, սուլոց, որը տևել է տասը րոպե: Նախագահը չի հասկացել, որ բազմահազար բրազիլացիների հրավիրում է սեքսի: Բացթողումը, իհարկե, նրա դեսպանինն էր: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2138 reads | 20.03.2013
| |