ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇՓՈԹԵԼՈՒՑ
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Եվ ահա Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված դիվանագիտական ընդունելության առթիվ հրավիրատոմսեր ուղարկելիս դեսպանության արարողակարգի պատասխանատուն` երիտասարդ և խոստումնալից դիվանագետ Վիկտոր Իվանովը, կոպիտ սխալ է անում. Հյուսիսային Կորեայի դեսպանի համար նախատեսված հրավիրատոմսի վրա գրում է Հարավային Կորեայի դեսպանի անունը` արտագրելով այն նախարարության պաշտոնական արարողակարգի գրքից: Տեղի ունեցավ սկանդալ, թեև կատարվածը գրոշ անգամ չարժեր: Հյուսիսային Կորեայի դեսպանը, որը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր և մինչև Դաքար գալը եղել էր կուսակցական ֆունկցիոներ, ոչ միայն չի մասնակցում դեսպանության միջոցառմանը, այլև երկու անգամ բողոքի նոտա է ուղարկում դեսպանություն` պահանջելով պատժել «երկու երկրների բարեկամության թշնամի արարողակարգի ղեկավարին»: Կորեացին, խորհրդային դեսպանի թյուրիմացության համար ներողություն հայցող նոտան ստանալով հանդերձ, տեղեկացնում է, որ կատարվածի մասին հայտնել է իր կառավարությանը, որպեսզի «հարցը քննարկվի Կրեմլի մակարդակով»: Դեսպան Յուրի Բելսկին, որը ոչ միայն պրոֆեսիոնալ էր, այլև բարի ու խոհեմ անձնավորություն, սահմանափակվում է Իվանովին նկատողություն հայտարարելով: Սակայն մինչև նրա վերջնական Մոսկվա մեկնելը, կիմիրսենական դեսպանը չի դադարեցնում իր դեմարշներն ու բողոքները ԽՍՀՄ-ի դեսպանության դեմ: ![]() …Եվրոպայի քարտեզի ձևափոխումից հետո դիվանագիտական արարողակարգային շփոթություններ են եղել Սլովակիայի և Սլովենիայի անվանումների շուրջ: Երբ 2002 թվականին վերջինիս նախագահ Միլանա Կուչանը ժամանել է Բուխարեստ, ռումիններն օդանավակայանում հյուրին դիմավորել են նրա երկրի դրոշով, բայց նվագախումբը կատարել է Սլովակիայի պետական օրհներգը` սկզբից մինչև վերջ: Երկու պետություններին միմյանց հետ շփոթել են բազմիցս` պետական, մարզական, մշակութային և միջազգային այլ միջոցառումների ընթացքում: Սլովեններն առանձնապես վրդովվել են, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը պաշտոնական արարողակարգի ժամանակ Սլովենիայի պրեմիեր-մինիստր Յանեզա Դրնովիչին դիմել է. «Սլովակիայի մեծարգո առաջնորդ» խոսքերով: …Նման մի դեպք էլ պատահել է Հայաստանի դեսպանի հետ, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբի և ոչ հրապարակայնորեն: Հավատարմագրերն Ավստրիայի նախագահ Թոմաս Քլեսթիլին հանձնելուց մի քանի օր անց դեսպանը մի հարցով զանգահարում է արտգործնախարարություն. – Ես Հայաստանի դեսպանն եմ (I am the Armenian ambassador),–ներկայանում է նա: – Ալբանիայի՞ դեսպանը (Albanian ambassador?),– հարցնում է պաշտոնյան: – Ո՜չ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, I am the Armenian ambassador),–կրկնում է դեսպանը: – Դուք Ռումինիայի՞ դեսպանն եք (Are you Romanian ambassador?),–զարմանալի բթամտություն են ցուցաբերում լարի մյուս ծայրում: – Ոչ, ոչ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, no, I am the Armenian ambassador),– ոչ պակաս զարմանալի համառությամբ երրորդ անգամ կրկնում է մեր դեսպանը` վիրավորված հոգու խորքում, որ ավստրոհունգարական կայսրության ժառանգորդները պատկերացում անգամ չունեն իր հինավուրց ժողովրդի մասին: Հետո դեսպանը փորձում է ավելի մատչելի և կատակի ձևով լուծել հարցը: – Թույլ տվեք հեգել, ինչպես տարրական դպրոցում,– ասում է նա և տառ առ տառ արտասանում,– Հ-ա-յ-կ-ա-կ-ա-ն: – Օ՛, հասկացա, դուք Իրանի դեսպանն եք (Oh yes, I see, you are the Iranian ambassador),– հաղթականորեն եզրափակում է նախարարության չինովնիկը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2092 reads | 01.04.2013
| |