ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը: Եվ հակառակը: Մեծ հաշվով` սա ոչ սոփեստություն է, ոչ էլ պարադոքսալ եզրահանգում: Հիշենք Վերածննդի շրջանի իտալական քաղաք-պետությունները: Նրանք թույլ էին, այնքան թույլ, որ ոչ զինված ուժեր ունեին, ոչ ոստիկանություն: Արտաքին ռազմական վտանգի դեպքում այդ գաճաճ պետությունները փլվում էին երեք խոզուկներից առնվազն երկուսի տնակների պես: Ինչո՞վ պետք է պաշտպանվեին նրանք: Դիվանագիտությամբ: Իսկ այն կառուցված էր խորամանկության, ստի և դաժանության հաշվարկներով: Դիվանագիտության այդ դպրոցի ակնառու ներկայացուցիչ Մաքիավելին այն անվանում էր «virtu», որը իտալերեն նշանակում է որևէ բանի հասնելու համար առաքելություն, միջոց: Իտալացի հայտնի դիվանագետը իրեն հատուկ հեգնանքով ու ցինիզմով նույնացնում է ամենաթողությունը և դաժանությունը «virtu»-ի հետ, ցանկանալով ընդգծել, որ պետության շահերի պաշտպանության համար օգտակար է և ազնվությունը, և խարդախությունը: Նա արդարացնում էր միջազգային իրավունքի ստորադասումը ազգային հետաքրքրություններին` խաբեության, օպորտունիզմի և ուխտադրժության ճանապարհով: Եվ հոգ չէ, որ այն հակասի բարոյականության նորմերին: Փոխադարձ վստահությունը, հեռահար ծրագրերը և միջպետական հարաբերությունների բնականոն ու աստիճանական զարգացումը իտալացիները փոխարինել էին այնպիսի կոմբինացիաներով, որտեղ առաջնայինը այսրոպեական և անմիջական շահերն էին, ինչպես ասում են` «դիմացինից մի բան պոկելու» արատավոր մոլուցքը: Փոքր-ինչ հետ գնանք և հիշենք, օրինակ, Հին Հռոմի դիվանագիտությունը: Ժառանգելով հունական դիվանագիտության հարուստ փորձն ու տեխնիկան` Հռոմը սկզբնական շրջանում այլ պետությունների և ժողովուրդների հետ իր հարաբերությունները ձևավորում էր փոխշահավետության, նրանց քաղաքական անկախությունն ու ինքնուրույնությունը հարգելու սկզբունքների վրա: Լատինական դաշնության շրջանակներում կնքված իրավապայմանագրային փաստաթղթերը դաշնության անդամներին երաշխավորում էին նույն իրավունքներն ու պարտականությունները: Սակայն շատ շուտով դաշնության անդամներն սկսեցին դիմել Կապիտոլիում` այս կամ այլ հարցում մյուսների համեմատությամբ առավելություն կամ արտոնություններ ձեռք բերելու նպատակով: Հետո կոալիցիայի առանցքը համարվող այսպես կոչված Բարեկամության ուխտն իր տեղը զիջեց համագործակցության նոր ձևերին. դաշնության անդամներն առերես` կամավոր, իրականում հարկադրված ճանաչեցին Հռոմի գերակայությունը: «Senatus populusque Romanus», (լատ.) «սենատ և հռոմեական ժողովուրդ» արտահայտությունը դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային կանխադրույթը: Իսկ դրա հապավումը՝ S.P.Q.R. կրող դրոշները փողփողացին կայսրության անծայրածիր տարածքների վրա: Կայսրության ընդարձակումը, որը հենվում էր ստրկատիրական բիրտ ուժի և նվաճողական քաղաքականության վրա, աստիճանաբար հետին պլան մղեց արտաքին աշխարհի հետ հարաբերվելու դեմոկրատական սկզբունքները: Նրա հռչակած «pax Romana»-ի (խաղաղություն Հռոմի իշխանության տակ) սկզբունքը կեսարների համար ի վերջո դարձավ իրավաբանական թավշյա ձեռնոցով օրենք՝ ուրիշ ժողովուրդներին նվաճելու և շահագործելու համար: Այբբենական ճշմարտություն է` մեկ տիրապետող տերությունից և մի շարք արբանյակ երկրներից կազմված դաշինքներում անկախ ու ինքնիշխան պետությունների հավասարությունն ապահովող դիվանագիտական մեթոդներն աստիճանաբար բարոյապես մաշվում են: Մի խոսքով` հզոր պետության համապատկերին դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը նկատելիորեն փոքրանում է: «Ուժային դիվանագիտությունը» ձգողական ուժ ունի: Լատինական դաշնությունը, ի վերջո, գրեթե նույնությամբ կրկնում են ԽՍՀՄ-ը կամ ՆԱՏՕ-ն, որոնց «հավասար» անդամները ակնածանքով և երկյուղած քծնանքով էին նայում Կրեմլի և Սպիտակ տան կողմը: Ընթերցողի մեջ կարող է բնական հարց ծագել. լավ, եթե պետականության և դիվանագիտության փոխկապակցվածության սույն մեկնաբանությունը գոյության իրավունք ունի, ինչո՞վ բացատրել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի դիվանագիտության կենսունակությունն ու հաջողությունը: Հակասությո՞ւն: Ամենևին: Այդ տերությունների արտաքին քաղաքականությունը հաճախ և, գրեթե որպես կանոն, հասնում է իր նպատակին ոչ այնքան դիվանագիտական արվեստի նրբության կամ մեթոդների ճկունության շնորհիվ: Նրանց գործելակերպի մեջ գերակշռում են «մկանային դիվանագիտությունը» և ուժի անթաքույց կիրառումը: Եվ ինչո՞ւ միայն Ամերիկան և Ռուսաստանը: Օբյեկտիվ հայացքով նայեք դիվանագիտության պատմությանը. անհիշելի ժամանակներից ի վեր բազմաթիվ նման օրինակներ կգտնեք այնտեղ: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
| 3398 reads | 02.08.2013
| |


Եվ հակառակը: Մեծ հաշվով` սա ոչ սոփեստություն է, ոչ էլ պարադոքսալ եզրահանգում: Հիշենք Վերածննդի շրջանի իտալական քաղաք-պետությունները: Նրանք թույլ էին, այնքան թույլ, որ ոչ զինված ուժեր ունեին, ոչ ոստիկանություն: Արտաքին ռազմական վտանգի դեպքում այդ գաճաճ պետությունները փլվում էին երեք խոզուկներից առնվազն երկուսի տնակների պես: Ինչո՞վ պետք է պաշտպանվեին նրանք: Դիվանագիտությամբ: Իսկ այն կառուցված էր խորամանկության, ստի և դաժանության հաշվարկներով: Դիվանագիտության այդ դպրոցի ակնառու ներկայացուցիչ Մաքիավելին այն անվանում էր «virtu», որը իտալերեն նշանակում է որևէ բանի հասնելու համար առաքելություն, միջոց:
Կայսրության ընդարձակումը, որը հենվում էր ստրկատիրական բիրտ ուժի և նվաճողական քաղաքականության վրա, աստիճանաբար հետին պլան մղեց արտաքին աշխարհի հետ հարաբերվելու դեմոկրատական սկզբունքները: Նրա հռչակած «pax Romana»-ի (խաղաղություն Հռոմի իշխանության տակ) սկզբունքը կեսարների համար ի վերջո դարձավ իրավաբանական թավշյա ձեռնոցով օրենք՝ ուրիշ ժողովուրդներին նվաճելու և շահագործելու համար: 

