ՎԵՐՋԱԲԱՆ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() – Դիվանագիտությունը գիտություն է, որի օրենքները գործում են ժամանակի և տարածության մեջ, անկախ այն բանից՝ համաձա՞յն են մարդիկ դրանց, թե՞ ոչ: Այնպես որ երկրի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար անհրաժեշտ է հինգ մատի նման իմանալ այդ օրենքները: Բացի այդ` դիվանագիտությունն ապրելակերպ է, երկրորդ բնավորություն, կյանքի ոճ, որի կանոնները յուրացնելու համար ժամանակ է պետք: – Դիվանագիտությունը հոգեկերտվածք է, աշխարհընկալում: – Դիվանագիտությունը մասնագիտություն է, որն ընտրում են մեկ անգամ և ընդմիշտ: Այն չեն թողնում, չեն փոխում, դրան չեն դավաճանում: Այն միշտ քեզ հետ է, եթե անգամ պաշտոնաթող դիվանագետ ես: Նախկին դիվանագետ չի լինում: – Դիվանագիտությունը, ինչպես յուրաքանչյուր այլ մասնագիտություն, մերժում է դիլետանտությունը: – Դիվանագետը զինվոր է, որին վստահված է իր երկրի խաղաղության և բարօրութան սուրբ գործը: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ պրոֆեսիոնալ դիվանագետ դառնալու համար` – ունենալ առողջ հոգի` առողջ մարմնի մեջ, լինել ուժեղ, զուսպ, սառնարյուն (բոլոր իրադրություններում), անսահման համբերատար, – դիմացինին երբեք չվիրավորել, «չքշել» անկյուն, այլ ամեն կերպ օգնել նրան, որպեսզի նա չկորցնի արժանապատվությունը և հեղինակությունը, – հիշել դիվանագիտության «ոսկե օրենքը»` պարտված կողմը շատ ավելի վտանգավոր է, քան փոխզիջման ճանապարհով համաձայնության եկած հակառակորդը, – չստել և ճշմարտությունը չաղավաղել: Խաբել չի կարելի. կարելի է ողջ ճշմարտությունը չասել, – կարողանալ անհրաժեշտության դեպքում ժպտալ, լինել մեղմ, քաղաքավարի, սիրալիր, բարեկիրթ, պահել վարվեցողության վայելչությունը, տակտն ու չափը, – խուսափել վերին աստիճանի ընդգծված քաղաքավարի երևալուց, զրույցի ընթացքում անընդհատ կրկնվող ներողություններից, որը կարող է թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն: Հարգիր ինքդ քեզ, որ ուրիշները հարգեն քեզ, – խուսափել այնպիսի որոգայթներից, ինչպիսիք են մարդկանց քննադատելը, սեփական կարծիքը պարտադրելը, «առատորեն» խորհուրդներ և կյանքի դասեր տալը, ![]() – ընդունել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան, – հնարավորինս շատ և հաճախ ասել «այո», քան «ոչ»: Հիշել` «ոչ»-ն առաջացնում է դիմադարձություն և ի վերջո հաղորդակցության խզում, – հեռու մնալ սնապարծությունից և գոռոզամտությունից, լինել համեստ, չներփակվել, չմեծամտանալ ու չկորցնել պարկեշտությունը, հատկապես եթե հասել եք դեսպանի բարձր աստիճանի ու կոչման, – չձգտել ամեն կերպ երևալ խելացի ու համակրելի, – չքծնել, չսեթևեթել, չկոտրատվել, – չչարաշահել ուրիշներից փոխառնված մտքերը, թևավոր խոսքերը և նեղ մասնագիտական տերմինները: Ասվածը անտեսողները դիվանագիտական կորպուսում ունեն «ծակ փիլիսոփայի» և «դուրսպրծուկի» համբավ, – լինել «միամիտ աղավնիների նման», բայց միաժամանակ` «խորագետ օձերի պես», ինչպես Հիսուսն է ասել, – ոչ ոքի ու ոչինչ չիդեալականացնել, չգերագնահատել կամ չթերագնահատել: Անսխալական միայն Բարձրյալն է, – նկատի ունենալ, որ բարդ, անբնական, անզուսպ լինելը գեղեցիկ և հաճելի չէ: Ինչպես նաև տհաճ է վատ կամ տխուր տրամադրությունը պարտադրելը, – չխոսել անձնական հիվանդություններից և դժվարություններից, չգանգատվել կյանքից ու բախտից, – չշաղակրատել և ուշադիր լսել զրուցակցին: Եթե հնարավորություն ընձեռեք նրան արտահայտվելու և խոսելու, ելնելով այն բանից որ «պահանջված» և «կարևորված» լինելն անձի ամենամեծ ցանկություններից են, դուք միայն կշահեք, ![]() – նայել աշխարհին դիմացինի աչքերով, ապրումակցել նրա հետ, հասկանալ, որ ուրիշը դու ես: Այդ դեպքում փոխըմբռնման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա, – երբեք ու երբեք իրեն դիմացինից ավելի խելոք չկարծել և նրան հիմարի տեղ չդնել: Եթե մոռացաք դիվանագիտության նաև այս «ոսկե օրենքը», կհայտնվեք ծուղակում և տանուլ կտաք, և վերջինը` – չմոռանալ, որ վրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի` նրա ներկայացրած երկրին: Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է: Երկուսն էլ սխալվում են միայն մեկ անգամ: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
7538 reads | 20.08.2013
| |