ԴԸ ԳՈԼԸ ՓՐԿՈՒՄ Է ՊԱՎԼՈՎԻ, ԻՍԿ ԽՐՈՒՇՉՈՎԸ` ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Տանջալից է եղել, օրինակ, Ստալինի և Խրուշչովի թարգմանիչների աշխատանքը. առաջինի հետ` ֆիզիկական վախի, երկրորդի հետ` ոչ կանոնակարգված լեզվի պատճառով: …Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլ դը Գոլն այցելում է Ստալինին: Զրույցը խիստ գաղտնի էր` ռազմական գործողությունների շուրջ: Թարգմանում է երիտասարդ դիվանագետ Ալեքսեյ Պավլովը: Վերջում դը Գոլն ընդգծում է, որ խիստ կարևոր է, որ այդ զրույցի թեման իրենցից` երկուսից բացի, ոչ ոք չիմանա: Տրոյանովսկին փոխանցում է գեներալի ասածը, ապա սարսափով` Ստալինի պատասխանը. – Մենք առանց այդ էլ երկուսով ենք: Իմաստուն դը Գոլը շնորհակալություն է հայտնում գաղտնապահության հավաստիացման համար ու նկատում, որ Պավլովը մեծապես նպաստում է կարծիքների փոխանակմանը, և ավելացնում. – Ես շատ ուրախ կլինեի հետագա հանդիպումների ընթացքում էլ օգտվել հենց ա՜յս թարգմանչի ծառայություններից… Դը Գոլի նախազգուշական ցանկությունը ամենևին էլ ավելորդ չի եղել, և բացառված չէ, որ փրկել է ապագա անվանի դիվանագետի կյանքը: …Արաբերենը ամենադժվար թարգմանվող լեզուներից է ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են արաբագետները, «սովորողին դիմադրում է առաջին քսան տարում», այլ որ գրական լեզվին տիրապետողները չեն հասկանում տարբեր երկրների արաբերենը: Արդյունքում` նրանց ներկայացուցիչները հանդիպելիս պարզապես դառնում են խուլ ու համր: Խորհրդային ԱԳՆ-ում եղել են ընդամենը մի քանի արաբագետդիվանագետներ, որոնք անգերազանցելի թարգմանիչներ էին: Նրանցից էր Զանգեզուրի Տեղ գյուղից հրաշքով Մոսկվայում հայտնված Սերգեյ Առաքելյանը, որը թարգմանում էր պետությունների ղեկավարների խոսքն արաբերենից ռուսերեն ու հակառակը: Բացի Առաքելյանից` Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերն այլ թարգմանիչ չէր ընդունում: Ինստիտուտն ավարտելուց հետո Սերգեյ Առաքելյանն աշխատել է Ասուանում (Եգիպտոս)` որպես փոխհյուպատոս: Նա միակ թարգմանիչն էր, որ հասկանում էր երկրի հարավային բարբառը: 1964 թվականի մայիսին Ասուանի ջրանցքի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Եգիպտոս են ժամանում Նիկիտա Խրուշչովը և բոլոր արաբական երկրների ղեկավարները: Հանդիսությունից առաջ, իր կողքին տեսնելով Իրաքի կոմունիստների դահճին` նախագահ Արիֆին, Խրուշչովը բարկանում է. – Հայտնեք Նասերին, որ Արիֆի հետ ես զուգարան էլ չեմ գնա (Передайте Насеру, что я рядом с Арифом срать не сяду!): Այդ «նուրբ» առաքելությունը բաժին է ընկնում Սերգեյին: Նա, որ, ի տարբերություն Խրուշչովի, դիվանագետ էր, հետևաբար` անհամեմատ բարեկիրթ, Նասերին հավանաբար փոխանցում է ժողովրդական բանահյուսության այս «գոհարի» գրական տարբերակը: – Դա Խրուշչովի իրավունքն է: Ես պարզապես ուզում էի նրանց հաշտեցնել,– պատասխանում է Նասերը: Երբ Առաքելյանը Խրուշչովին փոխանցում է Նասերի բացատրությունը, նա ձեռքը թափ է տալիս. – Թող ռադը քաշի…Ասա` չեմ հաշտվի, և վերջ (Да пошел он… Скажи, не буду мириться, и все!): Սակայն Սերգեյի համար փորձությունը դեռ առջևում էր: Խրուշչովը ողջունում է պետությունների ղեկավարներին` բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս ավելացնում է Արիֆի անունը: Ինչո՞ւ: Դա պահանջում էր դիվանագիտական էթիկա՞ն, քաղաքական նկատառո՞ւմ էր, թե՞ թարգմանչի սայթաքում: Դժվար է ասել: Սակայն եղածը եղած էր: Եվ Խրուշչովից ոչ հեռու կանգնած պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոյի ռազմական հետախուզության թարգմանիչը նրա ականջին փսփսում է, որ Առաքելյանը թարգմանելիս ինքնակամ ողջունել է «մեր թշնամուն»: Մարշալն առանց շուռ գալու հրամայում է իրեն ուղեկցող զինվորականներին. – Թարգմանչին դատե՜լ (Переводчикa под трибунал!): 50 տարի առաջ Նեղոսի ափին խաղացված այս տեսարանը թերևս առաջացնի ընթերցողի ժպիտը: Սակայն երբ պատվիրակությունը, ըստ այցի ծրագրի, ժամանում է Ալեքսանդրիա, Սերգեյի և նրա ընկերների սրտին, ինչպես ասում են, դանակ խփեիր, արյուն չէր կաթի: Գահընկեց արված թագավոր Ֆարուքի պալատում Խրուշչովին և Նինա Պետրովնային տրամադրված թագավորական շքասենյակները խորհրդային առաջնորդին առանձնապես չեն հուզում: Նա, արագ հանելով կոստյումը, վրան է քաշում ուկրաինական ոճով ասեղնագործած վերնաշապիկը և դուրս գալիս զբոսնելու: Տեսնելով միջանցքում հերթապահող դեսպանության երրորդ քարտուղար Պողոս Հակոբովին` Խրուշչովը հետաքրքրվում է պատերին փորագրված գրառումներով: Հակոբովը կամ դժվարանում է թարգմանել, կամ որոշակի նկատառումով թարգմանությանը մասնակից է դարձնում ոչ հեռու տխուր-տրտում կանգնած Սերգեյին: Վերջինս համապատասխան մեկնաբանություններով հրաշալիորեն ներկայացնում է սուրահների բարդ, փիլիսոփայական բովանդակությունը: Իջնում են բակ: Հետաքրքրասեր Խրուշչովն արաբ պարտիզպանին հարցուփորձ է անում շրջապատի փարթամ բուսականության մասին: Նիկիտա Սերգեևիչը նկատում է, որ նա կարգին բան չի ասում, իսկ Սերգեյը երկար-բարակ պատմում է յուրաքանչյուր ծառ ու ծաղկի մասին, տալիս գիտական բացատրություններ: Խրուշչովի այն հարցին, թե որտեղի՞ց գիտե այդ ամենը, Առաքելյանը համեստորեն բացատրում է, որ երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսում: Այնուհետև երկու հայ երիտասարդներն անում են ձիու քայլը: Հակոբովն Առաքելյանին հայերեն ասում է, որ նա հեռանա, և Խրուշչովին հայտնում է, որ նրան դուր եկած հեռանկարային երիտասարդ դիվանագետը մարշալ Գրեչկոյի կարգադրությամբ շուտով կանգնելու է զինվորական դատարանի առաջ: Եվ պատմում է կատարված միջադեպի մասին: – Ի՜նչ հիմարություն (Что за ерунда!),– ասում է Խրուշչովը: Նիկիտա Սերգեևիչը մոտ է կանչում ստվերի նման իրեն հետևող «Իզվեստիայի» գլխավոր խմբագիր, իր փեսա Աջուբեյին և կարգադրում, որ Գրեչկոյին դուրս կանչի պատշգամբ, իսկ Հակոբովին` որ մենակ թողնի իրեն: Թե ինչ խոսակցություն է տեղի ունենում Խրուշչովի և պաշտպանության նախարարի միջև, պատմությանը հայտնի չէ: Սակայն 15 րոպե անց սպասարկող խմբին հայտնի է դառնում, որ հարցը փակված է: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2231 reads | 17.06.2013
| |