ՃԵՊԱԳԻՐ՝ ԷՄՍԻՑ ԿԱՄ ԲԻՍՄԱՐԿՅԱՆ ԾՈՒՂԱԿ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Բիսմարկը, որ այդ ժամանակ (Վիլհելմ I թագավորի օրոք) պրեմիեր-մինիստրն էր և շատ էլ հաշվի չէր նստում թուլակամ միապետի հետ, պատրաստ էր կռվելու գալլերի դեմ` վստահ սեփական ուժին ու կարողությանը: Նա որքան լավ կռվող, նույնքան էլ լավ դիվանագետ էր և ամեն ինչ անում էր, որ Ֆրանսիան ինքն սկսի ռազմական գործողությունները: Սա` առաջին: Այդ դեպքում նա կհայտնվեր միջազգային մեկուսացման մեջ, չէր ունենա բացահայտ դաշնակիցներ, իսկ մյուս պետությունները կդրսևորեին չեզոք դիրքորոշում: Սա` երկրորդ… Իսկ դեպքերը զարգանում են հետևյալ կերպ: Նախ մամուլում հայտնվում է հաղորդագրություն, համաձայն որի` Վիլհելմ I-ի ազգական իշխան Լեոպոլդ Հոհենցոլերնը հավակնում է տիրանալու Իսպանիայի թափուր գահին: Ընթերցողը հավանաբար կռահեց, որ այս դիվանագիտական որոգայթի հեղինակը Բիսմարկն էր` համոզված, որ Ֆրանսիան երբեք չի համաձայնի այդ թեկնածությանը և սուր կճոճի Հյուսիսգերմանական միության դեմ (Գերմանական կայսրությունը դեռևս չէր կազմավորվել): Իսկ դա ենթադրում էր, որ ուշ թե շուտ պատերազմ կծագի: Փարիզի վերջնագրից վախեցած իշխան Լեոպոլդը, առանց խորհրդակցելու Բիսմարկի և Վիլհելմ I-ի հետ, հրաժարվում է գահի հավակնությունից: Սա չէր մտնում Բիսմարկի հղացած սցենարի մեջ, և մինչ նա նոր քայլ կձեռնարկեր, ֆրանսիացիներն են նրան ընդառաջ քայլ անում` կատարելով դիվանագիտական կոպիտ սխալ: Ֆրանսիայի դեսպան կոմս Բենեդետին, առանց նախազգուշացման, գալիս է բուժիչ ջրերի Էմս փոքր քաղաքը և, ինչպես ասում են, «երեսի զոռով» տեսակցում հիվանդ թագավորի հետ: Դեսպանը լկտի տոնով պահանջում է Վիլհելմից, որ նա երբևէ հավանություն չտա իր ազգականի` Իսպանիայի գահին բազմելու գաղափարին: Վախեցած միապետը դեսպանին հավաստիացնում է, որ ինքը չի նպաստի իր ազգականի թագադրությանը, և որ Հոհենցոլերնները չեն հավակնում այդ գահին: Ինչպես ասում են` սխալը սխալ է ծնում: Ֆրանսիայի արտգործնախարար Գրամոնը հրավիրում է Փարիզում թագավորի դեսպանին և նույն կոպիտ ձևով փոխանցում հետևյալ տեքստը. «Վիլհելմ I-ը հավաստիացնում է Նապոլեոն III-ին, որ երբեք չի ձեռնարկի Ֆրանսիայի շահերին ու հետաքրքրություններին վնասող գործողություններ», և պահանջում է, որ թագավորը բառ առ բառ նմանատիպ նոտա հղի Փարիզ` իր ստորագրությամբ: Չգիտեմ` դիվանագիտական պատմությունը ծանո՞թ է նման փաստաթղթի... Բենեդետին այս նոտան հանձնելու անհաջող փորձ է անում՝ և ի վերջո կարողանում է «բռնել» թագավորին կայարանում` գնացք բարձրանալիս: Վիլհելմ I-ը խիստ սրտնեղած ասում է, թե ավելացնելու բան չունի, իսկ բանակցությունները կշարունակվեն Բեռլինում: Սա արդեն թագավորին վայել խոսակցություն չէ. խոսքդ հարգիր մինչև վերջ: Հետո նա մանրամասն հեռագրում է կատարվածի մասին Բիսմարկին: …Բիսմարկը ճաշում էր ռազմական նախարար Ալբրեխտ ֆոն Ռոոնի և պրուսական բանակի գլխավոր շտաբի պետ Հելմուտ ֆոն Մոլտկեի հետ, երբ նրան հանձնում են Վիլհելմ I-ի հեռագիրը: Նա ուշադիր կարդում է այն, հետո ծանոթացնում իր հյուրերին: Երեքն էլ խիստ տարակուսում են, թե ինչպես կարող էր Վիլհելմ I-ը Բենեդետիին խոստանալ շարունակել բանակցությունները Բեռլինում` Ֆրանսիայի` նման լկտի և ստորացուցիչ դեմարշից հետո: Այդ պահին Բիսմարկի գլխում փայլատակում է մի միտք, որը հետո փոխելու էր միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը և Եվրոպայի քաղաքական քարտեզը: Նա դիմում է ֆոն Մոլտկեին. – Հեր ֆելդմարշալ, իրո՞ք պրուսական զորքերն ու սպառազինությունն ի վիճակի են ապահովելու մեր հաղթանակը ֆրանսիացիների դեմ պատերազմում: Գլխավոր շտաբի հրամանատարն առանց տատանվելու պատասխանում է, որ դրանում կարելի է չկասկածել: Նույն միտքն է հայտնում նաև ռազմական նախարարը: – Այդ դեպքում հանգիստ շարունակեք ճաշել,– ասում է Բիսմարկը և անցնում մյուս սենյակը: Իր հուշերում նա գրում է. «Ես կրկին ուշադիր ընթերցեցի հեռագիրը, հետո վերցրի մատիտը և համարձակորեն ջնջեցի այն տողը, որտեղ ասվում է, թե Բենեդետին Վիլհելմ I-ից խնդրել է նոր տեսակցություն: Հեռագրից ես թողեցի գլուխն ու պոչը»: Այսպիսով՝ տեքստից անհետանում է այն ինֆորմացիան, որ թագավորը խոստացել է շարունակել բանակցությունները Բեռլինում: Հեռագիրն այն տպավորությունն էր թողնում, թե Վիլհելմն ընդհանրապես հրաժարվում է ֆրանսիացիների հետ բանակցությունները շարունակելուց: – Սա կարմիր թաշկինակ է գալլիական ցուլի համար,– ծիծաղում է Բիսմակը: – Դուք նահանջի թմբկահարությունը փոխարինեցիք հարձակման շեփորահարությամբ,– գոհունակությամբ ավելացնում է մարտաշունչ ֆելդմարշալը: Աղավաղված հեռագրի տեքստն անմիջապես տարածվում է Եվրոպայով մեկ: Բիսմարկի լարած թակարդը շրխկոցով փակվում է: Նապոլեոն III-ը ուզում էր պատերազմ: Բիսմարկը` նույնպես: Երկուսն էլ ստանում են իրենց ուզածը: Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Պրուսիային և ջախջախիչ պարտություն կրում: Բիսմարկը փայլուն հաղթանակ է տանում դիվանագիտական-հետախուզական գետնի վրա ևս: Նա իրականացնում է բազմաքայլ կոմբինացիա` անվանարկելով հակառակորդին, հրապարակում է գաղտնի փաստաթղթեր, որոնք մեծապես վնասում են Փարիզի` Սանկտ Պետերբուրգի ու Լոնդոնի հետ դաշնակցելու բոլոր ջանքերը: Ֆրանսիան մնում է մեն-մենակ: Այդ պատերազմում նա կորցրեց հանքերով հարուստ Էլզասն ու Արևելյան Լոթարինգիան, ռազմավարական կարևոր նշանակության Մեց ամրոցը և վճարեց 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք: Ավարտվեց Գերմանիայի միավորումը Պրուսիայի գերիշխանության ներքո: Օտտո ֆոն Բիսմարկը դարձավ Պրուսիայի ռայխսկանցլեր և Եվրոպայի քաղաքական հայրերից մեկը` «Երկաթյա կանցլեր» անվամբ: Ֆրանս-պրուսական հակամարտությունը տևեց գրեթե մեկ դար: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2420 reads | 18.04.2013
| |