ՄԱՏՈՒՑՈՂ ՊԱՏՐԻԿԸ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() 1990-ական թվականների սկզբներին Բաղրամյան փողոցին հարող բարձունքում` «Անտառային» քնարական անունը կրող նրբանցքի երկհարկանի առանձնատներից մեկում, ժամանակավորապես հանգրվանել էր նորանկախ հանրապետության ԱԳՆ-ն: Այստեղ մշտապես ոգևորախառն եռուզեռ էր, փոքր-ինչ ավելին, քան սովորաբար լինում է պետական գերատեսչությունների միջանցքներում: Պատճառը Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման ոգևորող, անգամ արբեցնող մթնոլորտն էր: Յուրաքանչյուր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ընկալվում էր (միամտաբար) որպես հայկական դիվանագիտական մտքի փայլուն հաղթանակ: Պոռթկումների ժամանակ էր: Երկիրն ասես որոշել էր փոխադրվել դիվանագիտական ռելսերին: Դիվանագետ դառնալ ցանկանում էին շատերը, իսկ մասնագետներ չկային: Մի օր պետական ազդեցիկ այրերից մեկը, որ իրավասու էր նաև ԱԳՆ-ի համար, զանգահարում է փոխնախարարներից մեկին. – Դուք ստեղծելո՞ւ եք արարողակարգային բաժին,– հարցնում է նա: – Անշուշտ,– լսվում է պատասխանը: – Ես ունեմ այդ բաժնի ղեկավարի թեկնածու: «Արմենիա» հյուրանոցի մատուցող Պատրիկը,– անառարկելի տոնով ասում է պետական այրը: Փոխնախարարը գիտեր Պատրիկին, որը սուրճ էր մատուցում կառավարական ընդունելությունների ժամանակ: Բարեկիրթ և փորձված մատուցող էր: Բայց ընդամենը մատուցող: Կախվում է պաուզա: Հետո փոխնախարարը, առանց որոշակի պատասխան տալու, ընդունելություն է խնդրում պաշտոնյայից: Զրույցը վերջինիս աշխատասենյակում բավական երկար է տևել: Փոխնախարարը պրոֆեսիոնալ էր, պետական այրը` ոչ: Նրան մեղմ, բայց համոզիչ բացատրվել է, որ արտգործնախարարության շրջանակներում արարողակարգը քաղաքական աշխատանք է, ոչ պակաս, քան այդ գերատեսչության մյուս բոլոր գործառույթները: Փոխնախարարը նշել է, որ արարողակարգի ղեկավարները, որպես կանոն, փորձառու դիվանագետներ են` արտակարգ և լիազոր դեսպանների մակարդակով, որոնք վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռում դիմավորում և նույն կերպ ճանապարհում են երկիր ժամանող օտար պետությունների ղեկավարներին, այցի ընթացքում չեն հեռանում նրանցից և ոչ միայն հետևում են, որ ամեն ինչ լինի տեղը տեղին, այլև ծրագրված ու նպատակամղված քաղաքական աշխատանք են կատարում` երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու նպատակով, լուծում են արտաքին քաղաքական որոշակի խնդիրներ, ձեռք բերում ինֆորմացիա: Մի խոսքով` նպաստում են իրենց պետականության ամրապնդմանը: Նույնը նաև արարողակարգի մյուս բոլոր աշխատակիցները` մեծից փոքր: Պետական այրն ուշադիր ունկնդրել է զրուցակցին և, ի պատիվ իրեն, հանել Պատրիկի թեկնածությունը: Այսպիսով` ԱԳՆ-ն փրկվել է հասարակական սննդի օբյեկտ դառնալու վտանգից: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
3110 reads | 21.02.2013
| |