ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դիվանագիտությունը, ի թիվս այլ ոլորտների, սերտորեն կապված է ռազմական արարողակարգի հետ: Թվում է, թե դրանք ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ. մեկը խորհրդանշում է խաղաղություն, մյուսը` պատերազմ: Մինչդեռ այդ կապն առկա է, և դիվանագիտությունն այն լավագույնս օգտագործում է իր նպատակների համար: Այսպես` բոլոր հասարակարգերում զինվորական շքերթները հետապնդում են երկու հիմնական քարոզչական խնդիրներ` ներքին և արտաքին. համոզել սեփական ժողովրդին, որ նրա անվտանգությունը վստահելի ձեռքերում է (փող մի խնայեք այդ նպատակի համար), և ընդհակառակը` ուժի ցուցադրումով սարսափեցնել ում որ հարկն է: Բոլշևիկները գերազանցորեն են օգտագործել այս մեթոդը` սկսած 1918 թվականից. պետության ղեկավարները Կարմիր հրապարակում շքերթն ընդունում էին փայտաշեն տրիբունաներից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չորս տարի անընդմեջ` 1991–1995 թվականներին, ՌԴ-ի նախագահ Բորիս Ելցինի և արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի ժամանակ Մոսկվայում շքերթներ չկազմակերպվեցին, որը մեկնաբանվեց որպես Արևմուտքի հանդեպ թուլության և կրավորական դիվանագիտության արտահայտություն: Հետո Վլադիմիր Պուտինի երկաթե ձեռքն ուղղեց այդ «սխալը». հեռուստաէկրանն երին կրկին կարելի է տեսնել զինվորական շքերթներին ներկա արևմտյան պետությունների ռազմական կցորդների մտահոգ դեմքերը` ռուսական նորագույն ռազմական տեխնիկայի դեմ հանդիման: ![]() Սակայն զինված ուժերի ցուցադրումը` որպես դիվանագիտական զենք, ոչ ոք այնպես չի գործարկել, ինչպես Բյուզանդիան: Այն բաղկացած է եղել միջոցառումների ողջ շարանից: Նախ դեսպանին ընդունել է կայսրը, որի ոտքերի տակ փռվում էին կենդանի առյուծներից գրեթե չտարբերվող խրտվիլակներ: Եվ այն պահին, երբ դեսպանը, արևելյան ծիսակատարության համաձայն, խոնարհվում էր մինչև գետին, «առյուծները» հանկարծ սկսում էին ահարկու «մռնչոցներ» արձակել, և գահավորակին բազմած տիրակալը հատուկ մեխանիզմի միջոցով դանդաղ բարձրանում էր վեր: Այս արարողությունից հետո սահմռկած դեսպանին հրավիրում էին զինվորական անվերջանալի շքերթի: Non-stop. Շշմած դեսպանի աչքի առաջ նույն զորամիավորումները դուրս էին գալիս մի դարպասից և ներս մտնում մյուսից` փոխելով միայն զենքի տեսակները: Ինչե՛ր չեն արել տիրակալները տպավորություն ստեղծելու և զարմացնելու համար… 1960-ական թվականներին Սիրիայի հանրապետությունում ԽՍՀՄ-ի զինվորական կցորդը գնդապետ Ալեքսանդր Մնացականյանն էր: Դամասկոսում աշխատելու տարիներին նա ստացել էր գեներալի զինվորական աստիճան, որը հազվադեպ է պատահում կցորդների` արտասահմանում աշխատելու ժամանակ: Մի անգամ Մնացականյանին հրավիրում են հարևան երկիր` Լիբանան, ներկա լինելու զինվորական շքերթին, որը հեռավոր աղերս իսկ չուներ նման միջոցառումների հետ, քանի որ լիբանանյան զինված ուժերը սոսկ անունով էին զինված ուժեր: Եղած-չեղածը հին մոդելի մի քանի զրահամեքենա էր: Երբ այդ տեխնիկան անցնում է տրիբունաների մոտով, կցորդի կողքին կանգնած պաշտպանության նախարարը թեքվում է նրա ականջին և խորհրդավոր-գաղտնի տոնով ասում. -Գնդապետ, Լիբանանը Խորհրդային Միության բարեկամ պետություն է: –Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը: Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2429 reads | 17.02.2013
|