ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԱՏԼԱՆՏՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() ...1902 թվականին Ռուսաստանի Նիկոլայ II ցարը և Գերմանիայի Վիլհելմ II կայսրը Ռևելում (այժմ` Տալլին) էին. Ֆիննական ծոցում տեղի էին ունենում ռազմածովային ուժերի զորախաղեր: Համաձայն ծովային արարողակարգի` կայսեր հեռացող նավն արձակում է հրաժեշտի ազդանշաններ: Քաղաքավարական արտահայտություններին հանկարծ հաջորդում է հետևյալ տարօրինակ հաղորդագրությունը. «Ատլանտյան օվկիանոսի ծովակալը ողջունում է Խաղաղ օվկիանոսի ծովակալին»: Ռուսաստանի նախարարների խորհրդի նախագահ Սվյատոսլավ Վիտտեն հետևյալ կերպ է մեկնաբանում կայսերական ուղերձը. «Եթե այն (ուղերձը - Ա. Ն.) թարգմանելու լինենք սովորական լեզվով, կնշանակի հետևյալը. «Ես ձգտում եմ զավթել Ատլանտյան օվկիանոսը կամ գերակայող դիրքեր գրավել նրա ավազանում, իսկ քեզ խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել Խաղաղ օվկիանոսում: Ես նեցուկ կկանգնեմ այդ ձեռնարկին»... Իսկ Ճապոնիան 1915 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իր հարևան Չինաստանին ներկայացրել է ռազմական յուրօրինակ սպառնալիք-վերջնագիր. ծագող արևի երկիրն առաջ էր քաշում տնտեսական և քաղաքական «քսանմեկ պահանջ»: Դրանք ստորացնող և ավազակային պահանջներ էին: Երբ Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Յուան Շիկայը փորձում է առարկել, ճապոնացին նրան խորհուրդ է տալիս վերջնագրի տեքստը նայել լույսի տակ: Նրա խորհրդին հետևած նախագահը կարկամում է. թղթի վրա ջրանշանները պատկերում էին ճապոնական ռազմանավեր, որոնք սարսափ էին սփռում տարածաշրջանի ջրերում... Դիվանագիտական ակնարկ կարող է ունենալ ոչ միայն թուղթը կամ խոսքը, այլև անգամ հրուշակեղենը: 1935 թվականին Մոսկվա է ժամանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Էնթոնի Իդենը: Նրա գործընկեր Մաքսիմ Լիտվինովի կազմակերպած ճաշկերույթի ավարտին մատուցվում է մեծ տորթ, որի վրա զարդագրված էր` «Խաղաղությունն անբաժանելի է» ("Peace is Indivisible”, անգլ.): Ակնարկն արտացոլում էր քաղաքական այն մթնոլորտը, որն ստեղծվել էր Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2528 reads | 13.03.2013
|