ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ամենակարևոր ինֆորմացիան, որից երբեմն կախված են երկրի և ժողովրդի ճակատագրերը, գրոշ անգամ չարժե, եթե հրատապ չի փոխանցվում Կենտրոն (ԱԳՆ): Ուրեմն, դիվանագետի գործունեությունը ոչ միայն բանավոր է, այլև կապված է գրավոր խոսքի հետ: Ավելին, հաշվված է, որ նրա աշխատանքի գրեթե 90 % կազմում են փաստաթղթերի ստեղծումն ու առաքումը: Բոլոր կայացած երկրների դիվանագիտական ծառայությունները, բոլոր ժամանակներում մեծապես կարևորել են գրագրության մակարդակը և որակը: Դեռևս Հին Հունաստանում են ուշադրություն դարձրել դիվանագետի լեզվին: Քաղաքական խոշոր գործիչ, մեծ հռետոր Դեմոսթենեսն ասել է. ‹‹Դեսպանները իրենց տրամադրության տակ չունեն ոչ ռազմանավեր, ոչ ծանր հետևակ, ոչ ամրոցներ: Նրանց զենքը` խոսքն է››: Երբ կարդում ես եվրոպական և ռուսական դիվանագետների մի քանի դար առաջ կազմած հաշվետությունները, հեռագրերը և մյուս փաստաթղթերը, գեղագիտական հաճույք ես ստանում: Ճիշտ է ժամանակները փոխվել են, փոխվել են պաշտոնական լեզուն ու ոճը, սակայն բարձր պահանջները դիվանագետի գրչի նկատմամբ` մնացել են նույնը: Ամերիկյան դիվանագետներ պատրաստող Ջորջթաունի համալսարան ընդունվելու հիմնական պայմանը դիմորդի վերլուծական և մեկ էլ գրական ունակությունների առկայությունն է: Նույն ամերիկացիներից` հետախուզության նախկին շեֆ Ալան Դալեսը այն կարծիքն է հայտնել, որ ‹‹լավ հետախույզին, ինչպես նաև դիվանագետին տարբերում է մտքերը պարզ, համառոտ և հետաքրքիր ձևով շարադրելու կարողությունը››: Իսկ ռուսական դիվանագիտությունը, եթե հաշվի չառնենք խորհրդային շրջանի գաղափարախոսական կաղապարը, աշխարհի լավագույն դիվանագիտական դպրոցներից մեկն է, որն անցել է 300 տարվա ուղի: Նա ունի խոսքի, լինի բանավոր թե գրավոր, լավագույն ավանդույթներ: Խորհրդային ԱԳՆ անում էր հնարավորը դրանք պահպանելու և հղկելու համար` օգտվելով անգամ չգրված օրենքներից: Երբ կադրերի վարչությունը դեսպանին ներկայացնում էր այս կամ այն դիվանագետի թեկնածությունը, առաջին հարցը, որը տալիս էր նա լինում էր հետևյալը. ‹‹А он пишущий ? ››: (Այս թևավոր խոսքը ռուսները փոխ են առել Հ. Նիկոլսոնից, որը նշել է. ‹‹Դիվանագիտությունը գրելու արվեստ է››): Եթե խորհրդային դեսպանը համոզված չէր լինում դիվանագետի գրելու ունակությունների մեջ, կարող էր հրաժարվել տվյալ թեկնածությունից: Դիվանագիտական ակադեմիայում օտար լեզուների ուսուցման կողքին հատուկ ուշադրություն էր դարձվում ռուսերենի քերականությանը, շարահուսությանը, ոճին, փաստաթղթերի ձևակերպման տեխնիկական կողմին: Նման պրակտիկան շարունակվում էր կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատելու ժամանակ: Դիվանագետից պահանջվում էր մշտապես կատարելագործել գրելու արվեստը` ձգտելով այն հասցնել անթերի մակարդակի: Ռուսական դիվանագիտական ծառայության ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ այն մշտական ուսուցողական պրոցես է բոլոր կարգի դիվանագետների համար` սկսած դեսպանից, վերջացած ռեֆերենտով: Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, անվանի դիվանագետ Վիկտոր Պոպովը 1976 թվականի շրջանավարտներին, այդ թվում տողերիս հեղինակին, հանձնելով դիպլոմներ ասաց. ‹‹Ուսումնառությունը վերջացավ, բայց այն նորից սկսվում է››: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
2266 reads | 26.04.2013
| |