ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
![]() քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ![]() Վերոնշյալի ֆոնին 2015-ի ապրիլի 6-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները էական հորիզոններ են կանխանշում մեր արտաքին քաղաքական օրակարգում: Գաղտնիք չէ՝ Իրանի նկատմամբ արդեն երեք տասնամյակից ավելի կիրառվող տնտեսական և քաղաքական պատժամիջոցների վերացումը նոր ընթացք կհաղորդի միջտարածաշրջանային հարաբերություններին՝ կապված իրանյան էներգակիրների՝ դեպի եվրոպական շուկաներ տանող ճանապարհների փնտրտուքի հետ: Հաշվի առնելով մերձկասպյան տարածաշրջանում էներգակիրների շուրջ ձևավորված ոչ պարզունակ առկա հարաբերությունները՝ Իրանի էներգետիկ շուկա մուտքի կամ վերադարձի ցանկացած նոր իրադարձություն ինքնին հնարավորություն է ՀՀ-ի տարածաշրջանային ապաշրջափակման լուրջ առարկայական հանգրվան ապահովելու համար: Հայրենի քաղվերլուծական շրջանակները նույնպես լուրջ խանդավառությամբ ընդունեցին Իրան-Արևմուտք հարաբերություններում արձանագրված հալոցքի շրջանը՝ այն դիտարկելով ՀՀ արտաքին դիվանագիտական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը: Վերոնշյալի շուրջ կլոր սեղաններ ու առավել հանգամանալից զեկուցումներ կազմակերպվեցին միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներով զբաղվող «Կովկաս» ինստիտուտում և «ՄԱՀՀԻ»-ում (Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ), որտեղ փորձ կատարվեց իրանական ուղղությունը ներկայացնել ՀՀ-ում ռուսական էներգետիկ մոնոպոլ ներկայությանն ու ուղղությանը հակադիր ետնապատկերին: Բանախոսները, հիմք ընդունելով ՌԴ պատասխանատու օղակների բավական սառը վերաբերմունքը Իրանի շուրջ կայացած համաձայնություններին, Իրան-Արևմուտք հարաբերությունները միայն դիտարկում էին աշխարհաքաղաքականության՝ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սառեցման, գուցեև կարևոր, բայց ոչ միակ ֆորմատում: Աշխարհաքաղաքական գործընթացների բազմաբովանդակության մասին բավական խոսուն ապացույցի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս, ինչը մեր արտաքին քաղաքականության պատասխանատու շրջանակների ուղերձ է, ինչի համաձայն, որպես իրանական էներգակիրների արտահանման հնարավոր ուղղություններից մեկը, կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքը: Աշխարհաքաղաքականության տեսանկյունից ավելի կարևոր է ՀՀ տարածքի դիտարկումը՝ որպես իրանական էներգակիրների դեպի Արևմուտք տարհանման հնարավորությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի շրջանակում դիտարկելը: Թե ինչու և ինչպես, կփորձեմ անդրադառնալ հաջորդիվ: ![]() Իրանական գազի և նավթի պաշարների քանակը (գազի ծավալներով Իրանը երկրորդ երկիրն է աշխարհում, իսկ նավթի ծավալներով գտնվում է առաջին հնգյակում) ինքնին արդեն լուրջ գործոն է դեպի արևմտյան շուկա արտահանման տեսանելի հեռանկար գծագրելու համար: Ինչպես պնդում են իրանական ու արևմտյան շատ վերլուծաբաններ, կայացած հանգամանք է, որ իրանական էներգակիրները պիտի հասնեն Եվրոպա, մնում է պարզել, թե որտեղով և ինչպես: Հաշվի առնելով ԻԻՀ-ի՝ միջտարածաշրջանային հարաբերությունների մակարդակում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գաղափարական, կրոնական, տարածքային և քաղաքական խնդիրների բնույթը՝ կարծես՝ ՀՀ դերակատարման հորիզոնները այնքան էլ մշուշոտ չեն: Եվ հենց այս պայմանականորեն ձևակերպված «ինչպես»-ն ու «որտեղ»-ովն էլ մոտակա ժամանակների մեր արտաքին քաղաքական օրակարգի ռազմավարության հիմնահարցերից առաջնայինները պետի հանդիսանան: Օրինաչափ է, որ պետությունների արտաքին քաղաքական բազմաբովանդակ ու տարաբնույթ օրակարգում ինչ-ինչ գերակա ուղղությունների առկայությունը: «Հայոց ցեղասպանության» միջազգային ոգեկոչման ու հայոց պահանջատիրության արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցրած գերակայությանը զուգահեռ ու, ոչ պակաս կարևորությամբ, պետք է մոտենալ իրանական էներգակիրների տարանցման հետագա քարտեզում ՀՀ ամրագրմանը, մանավանդ, որ երկու խնդիրներն էլ, գտնվելով զուգահեռ կարևորության տիրույթներում՝ հատվում են միևնույն Թուրքիայի տարածքում: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
10204 reads | 21.05.2015
| |