ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈւԼՈւՄ
![]() Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ «Ուժեղն անում է այն, ինչ ցանկանում է, իսկ թույլը` ընդունում է այն, ինչին ստիպված է համակերպվել»: Թուկիտիդես ![]() Վեստֆալյան հաշտությունից հետո Եվրոպայի փոքր պետությունները որոշակիորեն հնարավորություն ստացան գոյատևելու, իսկ արդեն 20-րդ դարի սկզբին ոչ միայն եվրոպական, այլ նաև Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի մի շարք փոքր երկրներ հնարավորություն ստացան ինքնուրույն մասնակցություն ունենալու միջազգային հարաբերություններին: Փոքր պետությունների մեծ մասը քիչ ռեսուրսների է տիրապետում, ուստի միջազգային հարաբերությունների համակարգում այդ պետությունները առավելապես ապավինում են դիվանագիտությանը: Այսկերպ նրանք ձգտում են գոյատևել իրենց համար ոչ այնքան բարենպաստ գլոբալիզացիայի (որպես այդպիսին` միաբևեռ) պայմաններում, քանի որ այս ժամանակաշրջանում անտեսվում է «ազգային շահ» հասկացությունը, որը փոքր պետությունների գոյատևման առաջնային պայմաններից է: Միջազգային հարաբերությունների համակարգում պետությունների դերի փոփոխության և այլ պետությունների հետ հարաբերությունների շրջանակներում զգալի են անվտանգության խնդիրները: Այսպես, մեծ և փոքր պետությունների միջև մշակութային և այլ կապերի շրջանակում առաջինների ազդեցությունը, որը երբեմն բերում է փոքր երկրների անվտանգության և ինքնիշխանության խախտմանը: ![]() Միջազգային անվտանգության մատահրավերներից է գիտատեխնիկական հեղաշրջումը: Գենետիկայի բնագավառում նորանոր հայտնագործությունները հնարավորություն են տալիս կառավարելու մարդկանց կյանքը և գիտակցությունը: Մարտահրավեր է նաև համացանցը, որը տեղեկատվության, գաղափարների տարածման հիմնական աղբյուր է: Ներկայումս սոցցանցերից օգտվողների թվի աճը բերում է նրան, որ մարդկանց գիտակցությունը դուրս է գալիս ներպետական, ազգային շահերի ազդեցությունից, ինչը մեծապես վատ հետևանքներ է թողնում փոքր երկրների համար: Անվտանգության խնդիր է առաջացնում ռեսուրսների նվազումը: Այսպես, փոքր երկրները, չունենալով բավարար ռեսուրսներ, շատ հաճախ ֆինանսական օգնություն են խնդրում առավել հարուստ պետություններից` արդյունքում ընկնում են ֆինանսական կախվածության տակ: Վերջերս միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է ահաբեկչությունը: Այժմ աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես փոքր երկրների տարածքում գործում են մի շարք ահաբեկչական կազմակերպություններ («Ալ Ղաիդա», վերջերս ստեղծված «Իսլամական պետությունը» և այլն): Ահաբեկչական կազմակերպությունները կարող են ազդել համաշխարհային քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև կառավարել մի շարք երկրներ: Սեփական և անկախ ֆինանսական գաղափարական և կազմակերպչական ռեսուրսների շնորհիվ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները հնարավորություն են ստանում ազդելու միջպետական հարաբերություններին և գործընթացներին: ![]() Նմանօրինակ իրավիճակ ստեղծվեց Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով, որը բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծմանը, որն էլ, փաստացի, անվտանգության լրջագույն սպառնալիք է, հատկապես արևմուտքի երկրների համար: Փոքր երկիրը իր անվտանգության պահանջմունքները և կողմնորոշումը համաշխարհային քաղաքականության մեջ ապահովելու համար կարող է օգնություն փնտրել հարևանների մոտ (ընդ որում` պարտադիր չէ, որ «հարևան» հասկացությունն աշխարհագրական իմաստ ունենա), որոնք իրենց աջակցությունն են առաջարկում, կամ ջանքեր գործադրել այդ հարևաններին համատեղ դաշինքների կամ վերազգային կազմակերպությունների մեջ ներառելու: Նրա դերը միջազգային հարաբերություններում կապված է միջազգային գործերում իր մասնակցության հնարավորությունից, ազդեցության աստիճանից: ![]() Առանձին երկրներում ակտիվացած էթնիկ խմբերի գործողությունները ակտիվացնում են այլ երկրներում «անգործության մատնված» էթնիկ խմբերին: Բացի այդ, «ակտիվ» էթնիկ խմբերի գործողությունները, հաջողությունները կամ անհաջողությունները ազդեցություն են թողնում այլ երկրներում էթնիկ խմբերի վարքի վրա: Փոքր երկրների համար հատուկ նշանակություն ունի քաղաքականության բարոյական հիմքը, որը հանդիսանում է այն քիչ ռեսուրսներից մեկը, ինչին տիրապետում են առաջինները: Մի շարք փոքր երկրներ հաջողությամբ հանդես են գալիս որպես «նորմերի մեկնաբանող»` թեթևակիորեն ազդելով տերությունների քաղաքականության վրա համոզելու և քաղաքական դիսկուրս ձևավորելու միջոցով` կատարելով «աշխարհի խղճի» դերը: Թեև, իհարկե, այս տիպի ազդեցությունը սահմանափակ է, հատկապես` անվտանգության հարցերում: Ինչքան քիչ ռեսուրսների է տիրապետում պետությունը, այնքան մեծ արժեք ունեն նրա համար այդ ռեսուրսները: Այդպիսի երկրների համար միջազգային հարաբերություններում կարևորագույն ռեսուրսը հանդիսանում է դիվանագիտությունը, այդ իսկ պատճառով փոքր երկրները միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալիզացման, միջազգային ռեժիմների բարելավվման, հավաքական գործողությունների, միջազգային անվտանգության համակարգի ստեղծման հիմնական կողմնակիցներն են: Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը մեծացնում է փոքր երկրների հնարավորությունները գործելու միջազգային ասպարեզում ի հաշիվ գործունեության կանոնների ձևավորման, այնպես էլ` սեփական շահերից ելնելով ռեսուրսների համատեղ օգտագործման ծրագրի: Այդուամենայնիվ, փոքր երկրները ազդեցության առավել մեծ հնարավորություններ ունեն տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում: Միջազգային հարաբերություններում փոքր երկրների դերը նաև բացասական կողմեր ունի: Այդպիսի օրինակ է բազային հակասությունների առկայությունը միջազգային հարաբերությունների համակարգում` ինքնիշխան պետությունների իրավական հավասարությունը և փաստացի անհավասարությունը: Չունենալով բավարար ռեսուրսներ բանակցությունների ընթացքում սեփական շահերի պաշտպանության համար` որոշ փոքր երկրներ կասեցնում են այդ բանակցությունները տարբեր հնարավոր միջոցներով: Ռեսուրսների անբավարարությունը և մանևրելու սահմանափակ ազատությունը ստիպում է փոքր երկրներին սուր արձագանքել անվտանգության իրական և կարծեցյալ սպառնալիքներին: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք երկար ժամանակ գտնվել են այլ պետություններից կախվածության մեջ և չունեն որոշակի պետականության ավանդույթներ: Կախված քաղաքական էլիտայի հատկանիշներից` արձագանքը կարող է լինել անհավասարաչափ կամ հիստերիկ: Արտաքին քաղաքականության ոլորտում բնորոշ է հակամարտության ինտենսիվության չափազանցումը` մեծ պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը ստանալու նպատակով: Երբեմն փոքր երկրները փորձում են հարևանների միջև (կամ նրանց հետ) հակամարտությունները վերափոխել իրենց համար արտաքին քաղաքական ռեսուրսի: Նմանօրինակ վարք են դրսևորել Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունները բավական երկար ժամանակ օգտագործում էին ԱՄՆ-ի և ԵՄ կողմից աջակցություն ստանալու նպատակով` որպես «Արևելքի չարիքից» պաշտպանության առաջին գիծ: Այժմ այդպիսի վարքագիծ ունի Ուկրաինան, այն է` պաշտոնական Կիեվը, որը Ուկրաինայի ռուսախոս արևելքի հետ քաղաքացիական պատերազմում ազդեցություն ունենալու համար անընդհատ մեղադրում է Ռուսաստանին` այդ կերպ փորձելով հնարավորինս շատ աջակցություն ստանալ Արևմուտքից: Աշխարհի կարգը երկար ժամանակ ձևավորվում է մեծ տերությունների կողմից: Փոքր երկրները, հնարավորություններ ստանալով ազդեցություն ունենալու տարածաշրջանային առումով, ոչ միշտ են ունենում անհրաժեշտ հմտություններ` ռազմավարական գործոնների ճիշտ ընկալմամբ և պատասխանատվությամբ, ինչի պատճառն են հանդիսանում քաղաքական էլիտայի ցածր որակները: Այստեղ կարելի է օրինակ բերել Վրաստանը, որի քաղաքական ղեկավարության ոչ ճիշտ որոշմամբ սկսված պատերազմը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ նրա դեմ դուրս բերեց Ռուսաստանին, և ի վերջո 8-օրյա կարճ պատերազմը ավարտվեց Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ, Ռուսաստանի և նրա մի շարք դաշնակից փոքր երկրների կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմամբ: Չնայած մինչ այսօր դեռևս միջազգային հարաբերությունների մյուս ուժերը չեն ճանաչել վերոնշյալ հանգամանքը, սակայն այն կարծես աստիճանաբար վերածվում է փաստի: Փոքր երկրները խոցելի են արտաքին ազդեցության առկայության պարագայում: Նրանց արտաքին և ներքին քաղաքականությունը կարող է որոշվել արտաքին միջամտության` «արտաքին ղեկավարման» միջոցով: Հազվադեպ կարող է լինել նաև ուղիղ կերպով կաշառելու հանգամանքը: Առավել հաճախ հանդիպում ենք փոքր երկրների «դիրքորոշման կաշառմանը»` փոքր երկրին տրամադրելով տնտեսական կամ առևտրային արտոնություններ, որի դիմաց մեծ պետությունը ստանում է նրա աջակցությունը կարևոր հարցերում: Այդ աջակցությունը կարող է որոշիչ լինել, մասնավորապես այն ժամանակ, երբ այդ փոքր պետությունը որևէ դիրք կամ պաշտոն է զբաղեցնում միջազգային կազմակերպություններում: «Արտաքին ղեկավարումը» կարող է լինել նաև անուղղակի կերպ` համաշխարհային ԶԼՄ-ների միջոցով և գիտա-կրթական կամ փորձագիտական ծառայությունների տրամադրման միջոցով: Փոքր երկրները չունենալով բավարար ռեսուրսներ իրենց գոյատևման համար դիմում են դիվանագիտությանը և քաղաքականությանը, որը հիմնվում է ազգային շահերի իրագործման պահանջների վրա, չնայած գլոբալիզացիայի առկայությանը, որի հիմնական գաղափարը հակասում է ազգային պատկանելության և ազգային շահերի գործոններին. թեև ճիշտ քաղաքական դիրքորոշման պարագայում փոքր երկրները կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց համար: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
4138 reads | 11.02.2015
| |