ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() ԵՏՄ-ի ձևավորման նախանշված նպատակն է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն անդամ երկրներում, և իրականացնել համաձայնեցված քաղաքականություն էներգետիկ, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ոլորտներում: Վերլուծաբանների տեսակետները՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արժանիքների վերաբերյալ, կախված են այն բանից, թե արդյոք նրանք կողմնակից են թե հակառակորդ երկրի իշխանություններին: ԵՏՄ-ի հակառակորդների առաջ քաշած փաստարկների թվում են Հայաստանի անկախության հնարավոր կորուստը և Արցախի մեկուսացումը՝ սահմանի վրա մաքսային անցակետերի տեղադրման պատճառով: Մյուս կողմից, ԵՏՄ-ի կողմնակիցները շեշտը դնում են Հայաստանի աշխարհառազմավարական և տնտեսական շահերի վրա: Մնում է տեսնել, թե, ի վերջո, այս փաստարկներից որն է ավելի գերակշիռ: Այսուհանդերձ, որոշ հիմնական իրողություններ կան, որոնք ակնհայտ են: Հայաստանը հնուց ի վեր բազմաբնույթ կապեր է ունեցել Մոսկվայի հետ՝ սկսած ցարական ժամանակաշրջանից մինչև Խորհրդային Միություն ու այսօրվա Ռուսաստանի Դաշնություն: Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն իր ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր հայ ներգաղթյալների ապրուստի վրա Ռուսաստանում ՝ այդ երկրում բնակվելու և աշխատելու հնարավորության տեսանկյունից: Բացի այդ, հայ գործարարները կարող են ընդլայնել իրենց ներքին փոքր շուկան, արտահանելով իրենց արտադրանքը շահավետ հարկային պայմաններում ավելի քան հարյուր միլիոն հավանական սպառողների համար Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Հայաստանը նաև հանդես կգա որպես հարմար դարպաս օտարերկրյա ներդրողների համար, որոնք հետաքրքրված են ԵՏՄ-ի հսկայական ու դժվարամատչելի շուկաները ներթափանցելու մեջ: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն. 1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Մեծ Բրիտանիան, և ոչ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը… 2) Ո՞ր երկիրը կարող է Հայաստանին մատակարարել կենսական անհրաժեշտության գազ ցանկացած գնով, չխոսելով արտոնյալ գների մասին: Ռուսաստանը և ավելի քիչ չափով Իրանը՝ փոքր խողովակաշարով: 3) Քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, ապա տնտեսապես ավելի ձեռնտու է բարենպաստ հարկային պայմաններ ունենալ այդ երկրի հետ, քան Եվրոպայի: ԵՏՄ-ին Հայաստանի չմիանալը երկիրը կդնի հարկային խիստ անբարենպաստ պայմանների մեջ՝ ավերիչ տնտեսական հետևանքներով: Թեև սրանք են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառները, սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում: Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից է բխում բազմակողմանի կապերի զարգացումը բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են արևմտյան երկրների հետ սերտ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական կապեր զարգացնելու ուղղությամբ իրենց հետաքրքրության մասին, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հնամյա հարաբերությունների: Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե արևմտյան երկրները, մասնավորապես Միացյալ Նահանգները, փոխանակ հորդորելու Հայաստանի ղեկավարներին խզելու խիստ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարկային արտոնություններ և այլ խթաններ տրամադրեն իրենց ներդրողներին Հայաստանում, դրանով իսկ նվազեցնելով Երևանի կախվածությունը Ռուսաստանից: Նմանապես, Հայաստանին ուղղված ամերիկյան քննադատությունն ու նախազգուշացումները Իրանի հետ նրա ունեցած առևտրային կապերի համար, պարզապես անիմաստ հայտարարություններ են: Ավելի օգտակար կլիներ, եթե Օբամայի վարչակազմը քաջությունն ունենար ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության համատեղ շրջափակումը վերացնելու համար, որը շարունակվում է ավելի քան 20 տարի: Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
2956 reads | 15.10.2014
| |