III. ՀՄԱՅՔԸ ԲՆԱԾԻ՞Ն Է, ԹԵ՞ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ. ՀՄԱՅՔ-ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Գոյություն ունի Մորենոյի տեսությունը, համաձայն որի` հմայքը ծնվում է մարդու հետ` օժտելով նրան հուզականության խորհրդավոր մասնիկներով (‹‹tele››-ներ), որոնք էլ, ըստ հոգեբանի, ձգում են մարդկանց դեպի համակրելի անձնավորություն կամ վանում են նրանից: Սակայն հոգեբանների ճնշող մեծամասնությունը ժխտում է այդ տեսությունը և համարում, որ համակրանքը կամ հակակրանքն առաջանում է մարդկային հաղորդակցության ընթացքում` համոզմունքների ու գաղափարների համադրման միջոցով: Հմայքի գենետիկական ծագման մասին վիճահարույց խնդիրն անմիջապես իր հետ բերում է մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց. գեղեցկությունը հմա՞յք է, թե՞ ոչ: Այս հռետորական հարցին դիպուկ պատասխան է տալիս ֆրանսիացի փիլիսոփա Շառլ դե Լուի Մոնտեսքյուն` ‹‹Հմայքը ավելի ուղեղում է, քան դեմքի վրա››: Այնուամենայնիվ, կապ կա ՞ գեղեցկության և հմայքի միջև, և ո՞րն է դրանց հարաբերակցությունը: Իհարկե, կա: Գեղեցիկ արտաքինը և հմայքը, եթե դիտելու լինենք մեկ ամբողջականության մեջ, փոխկապակցված, բայց և այնպես տարբեր երևույթներ են: Կինը կամ տղամարդը կարող է բնականից լինել գեղեցիկ, բայց զուրկ հմայքից, կարող է լինել տգեղ և ունենալ անվիճելի հմայք` շարմ: Կան ի վերուստ երջանիկ մարդիկ` Աստծո ընտրյալներ, որոնք և՛ գեղեցիկ են, և՛ հմայիչ, բայց դրանք, որպես կանոն, շատ քիչ են: ![]() Դրա փոխարեն կա այսպես կոչված ‹‹հիմար գեղեցկության մոդել››, որն անվանել գեղեցկություն խիստ հարաբերական կլիներ: Տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին Իվան Գոնչարովը. ‹‹Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ: Նայիր բութ գեղեցկուհուն, ուշադիր դիտիր յուրաքանչյուր դիմագիծը, ժպիտը, և նրա գեղեցկությունն աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ տգեղության… Գեղեցկությունը և վայելչակազմությունը իր տեսակի մեջ խելքի նյութականացումն է: Դրանից հիմար կինը երբեք գեղեցիկ չի դառնա, իսկ ոչ գեղեցիկ, բայց խելացի կինը հաճախ կփայլի գեղեցկությամբ›› (թարգ.Ա.Ն.): Իրոք, հիշեք, թե քանի-քանի գեղեցիկ կանայք իրենց իսկ մեղքով ձեր աչքի առաջ վերածվել են ‹‹Անճոռնի ճուտիկի››: Բոլոր ժամակների մեծագույն դերասանահուհի Սառա Բեռնարը գեղեցկության և հմայքի մասին ասել է. ‹‹Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել հմայիչ: Հմայքը միաժամանակ ի հայտ է գալիս ամեն ինչում և ոչնչում: Այն կարող է լինել ձեզնից բխող էներգիայում, հայացքում, քայլվածքում, մարմնի կառուցվածքում, ձայնի ելևէջներում, վայելչագեղ շարժուձևերում: Ամենևին էլ պարտադիր չէ լինել գեղեցիկ ճանաչված տղամարդ կամ գեղեցկուհի, գլխավորը անձնական հմայքն է››: ![]() Հմայիչ տղամարդիկ հետ չեն մնում կանանցից. Մհեր Մկրտչյան, Պարույր Սևակ, Անատոլի Պապանով, Ադրիանո Չելենտանո, Լուի դը Ֆյունես, Պիեռ Ռիշար, Վուդի Ալեն, Պոլ Բելմոնդո և շատ ուրիշներ, որոնք ապոլոններ չեն եղել, սակայն հազարավոր կանայք անքուն գիշերներ են անցկացրել նրանց պատճառով: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
6627 reads | 10.05.2014
| |