ԿԱԴԱՖԻԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ. ԼԻԲԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ ԷՐ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Գնդապետ Մուամար Կադաֆին 1969-ին թագավոր Իդրիսին գահընկեց անելուց հետո երկրից վռնդել էր ամերիկացիներին և անգլիացիներին, փակել էր նրանց ռազմական բազաները, ազգայնացրել էր անհատնում նավթը և հայտարարել, որ Լիբիայում կառուցում է արաբական սոցիալիզմ: Այսքանը բավական էր նրան Խորհրդային Միության ռազմավարական դաշնակիցների շարքին դասելու համար: Բայց այդ չէր խորհրդա-լիբիական բարեկամության հիմնական գրավականը: Այդ բարեկամությունը զոդված էր հնչուն ոսկով, որը Տրիպոլիին վաճառվող խորհրդային զենքի դիմաց միլիարդների համարժեքով հոսում էր պետական գանձարան: Այդ էր հիմնական պատճառը, որ Մոսկվան մատների արանքով էր նայում Լիդերի (այդպես էին անվանում Կադաֆիին իր երկրում) անգուշակելի քաղաքական զիգզագներին, ահաբեկչական գործողություններին, որոնք դատապարտում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը: «Արհամարելով դիվանագիտական նորմերն ու կանոնները, ամենուրեք, ուր որ կարող էր, նա խառնվում էր` օգնություն ցուցաբերելով (առաջին հերթին պաղեստինցիներին) կամ հարվածելով (նավթային կոմպանիաներին, կոմունիստներին, Իսրայելին, և դասական վարչակարգերին` հատկապես թագավորություններին)»,- այսպես է բնութագրել Կադաֆիին հայտնի պատմաբան Պիտեր Կալվակորեսին: ![]() Այսուհանդերձ, Կադաֆին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 180 աստիճանով փոխեց իր քաղաքական դիրքորոշումը` հայտարարելով որ Լիբիան հրաժարվում է մասսայական ոչնչացման զենքից և ամերիկացիներին փոխանցելով հետախուզական տվյալներ Իրաքի վերաբերյալ: Այնուհետև գնդապետը փակեց իր տարածքներում տեղակայված ճամբարները, որոնք պատրաստում էին ահաբեկիչներ, դադարեց սպառնալ Իսրայելին, խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ Լոկերբիի զոհերի ընտանիքներին: «Այլևս չեն լինի պատերազմներ, ռեյդեր, ահաբեկչական գործողություններ»,- հավաստիացրեց Կադաֆին: Ի պատասխան, Վաշինգտոնը Լիբիային հանեց «իզգոյ» երկրների ցուցակից: Բոլոր դեպքերում բարեկիրթ աշխարհը չէր ընդունում Կադաֆիին: Նրան կարծես թե ներել էին, բայց արածները չէին մոռացել: Տրիպոլիիում պատրաստվում էին ընդունել Նիկոլա Սարկոզիին, Անգելա Մերկելին, Դմիտրի Մեդվեդևին և էլի մի քանի տասնյակ պետությունների լիդերների: Եվրոպացիներից եկան միայն Յուլիա Տիմոշենկոն և Մալթայի նախագահ Ջորջ Աբելը, և հայտնվեցին նույն կոմպանիայում Զիմբբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի, Սուդանի լիդեր Օմար Բաշիրի և Վենեսուելայից Ուգո Չավեսի հետ: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Կադաֆիի ռազմատենչությունը, իսկապես, կարծես պակասել էր, սակայն մեծապետական ամբիցիաները մնում էին. նա իրեն անվանում էր «արաբական առաջնորդների առաջնորդ, աֆրիկյան թագավորների թագավոր, համայն մահնեդականների իմամ»: Իսկ երկրի ներսում նա «հեղափոխության Եղբայր և Լիդեր էր»՝ պաշտոնապես չզբաղեցնելով որևէ պաշտոն: Դրանով են մասնագետները բացատրում Կադաֆիի քաղաքական երկարակեցության գաղտնիքը` 40 տարի: Այդ տարիների ընթացքում գնդապետը փառքի դափնեպսակները պահել է իրեն: …Պողոս Հակոբովը Լիբիա ժամանեց նկարագրված դեպքերից դեռ շատ առաջ, երբ Կադաֆին գտնվում էր իր «խենթության և ահաբեկչական գործողությունների ծաղկման շրջանում»: Նախ, նա մեկ անգամ ևս ուշադրությամբ կարդաց Կադաֆիի հեղինակած «Կանաչ գիրքը», որում վերջինս շարադրում է իր փիլիսոփայությունն ու քաղաքական սկզբունքները` զարգացնելով այսպես կոչված «երրորդ համաշխարհային տեսություն», որը նրա կարծիքով փոխարինելու էր իրեն սպառած Ադամ Սմիթի կապիտալիզմին և Կառլ Մարքսի կոմունիզմին, հանդիսանալու էր «նոր դարի Ավետարան»: Վերջին հաշվով, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսությունը: Հայտարարելով, որ ի վերուստ իրեն է տրված արաբ ժողովուրդների վերածննդի մեսիա-փրկչի պատմական դերը, Կադաֆին այդ տեսությունը կառուցում է սոցիալ-ուտոպիզմի, գռեհիկ մարքսիզմի, Ղուրանի, և մեկ էլ Ալահը գիտե, թե ուրիշ ինչ փիլիսոփայությունների «վինեգրեդի» վրա: ![]() Գրքում մեծ տեղ է հատկացված ազգային հարցին: «Արդի դարաշրջանում ազգային ազատագրական շարժումները հանդիսանում են հասարակական շարժումներ: Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ազգային հասարակությունը չի ազատվել մեկ այլ հասարակության տիրապետությունից: Այլ խոսքերով, աշխարհը ներկայումս գտնվում է պատմական գործընթացի փուլերից մեկում` ազգային ինքնագիտակցության հաղթանակի համար պայքարի փուլում»,- գրում է Կադաֆին` համարելով, որ «ազգային ինքնագիտակցությունը ազգի պահպանման հիմքն է: Այն ազգերը, որոնք կորցնում են ազգային ինքնագիտակցությունը, դատապարտված են կործանման»: Չի կարելի չհամաձայնել լիբիական երբեմնի առաջնորդի այս պարզունակ տեսակետի հետ: «Երրորդ համաշխարհային տեսության» կասկածելի և վիճելի պոստուլատների կողքին կան մտքեր, որոնք որոշակի հետաքրքրություն ներկայացնում են: Գրեթե ոչինչ չի ասվում իսլամի, մանավանդ` մարտնչող իսլամի մասին: Գրքում կրոնին նվիրված գլուխ անգամ չկա: Հետո Կադաֆին մերժում է հեղափոխությունները, որոնք իշխանության են բերում կառավարման մեկ ուրիշ ձև, իսկ դա նշանակում է, որ «կառավարման միջոցը առաջվա նման մնում է բռնատիրական»: Հասարակության կյանքում և ժողովուրդների փոխհարաբերություններում նա բացառում է բռնությունն ու ահաբեկչությունը` չնայած նախկինում մեկ անգամ չէ, որ անձամբ դիմել է դրանց: …Այսպիսով, Հակոբովին սպասում էր Լիբիան իր կամակոր, հանելուկային և անկախատեսելի Լիդերով: Ի պատիվ իրեն, նա անցավ այդ դժվարին քննությունը, ինչը չէր հաջողվել իր նախորդներին: Լճացման տարիներին Խորհրդային Միությունը մեծ թափով զարգացնում էր ռազմական արդյունաբերությունը: ԽՍՀՄ-ը միայն տանկ արտադրում էր մոտավորապես այնքան, որքան ողջ աշխարհը: Ռազմական հզորությունը և համանման օգնությունն աստիճանաբար դարձան խորհրդային արտաքին քաղաքականության գլխավոր բաղկացուցիչը: Այդ քաղաքականությունն առանձնապես ցցուն երևում էր երրորդ աշխարհում, որտեղ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սուր պայքար էր ընթանում շուկաների համար: Մոսկվայի ամենաշահավետ շուկաներից մեկը Լիբիան էր, որը պատերազմում էր Չադի դեմ, իսկ Խորհրդային Միության հետ զարգացնում էր լայն ռազմական համագործակցություն: Միայն խորհրդականների թիվը այնտեղ հասնում էր 2.500-ի: Հակոբովը երբ ժամանեց Տրիպոլի, երկրի պարտքը Խորհրդային Միությանը կազմում էր 21 միլիարդ դոլար: Նա երեք տարում այն իջեցրեց 2,3 միլիարդի: Կադաֆին, որ ընդհանրապես դեսպաններին չէր ընդունում, ընդունեց նրա հավատարմագրերը: -Ես հեռակա գիտեմ Ձեզ, Նասերը պատմել է Ձեր մասին,- ասել է նա: Տեղյակ եմ, թե ինչ դեր եք ունեցել «Վեցօրյա պատերազմում» Եգիպտոսի ջախջախված զինված ուժերի վերականգնման գործում: Օգնեք ինձ իմ բանակը բարձր մակարդակի վրա դնելու համար: Սկիզբը կարծես թե խոստումնալից էր: Ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության մի շարք նոր համաձայնագրեր: Հակոբովի վարկը նկատելիորեն բարձրացավ, վստահությունը նրա նկատմամբ ամրապնդվեց: Սակայն Կադաֆին մնում էր Կադաֆի, և նրա հետ աշխատելը պահանջում էր մտքի ճկունություն, կամքի լարում և հաճախ` ոչ ստանդարտ մոտեցում: Բոլոր իրավիճակներում Հակոբովը կարողացել է պաշտպանել իր երկրի շահերը` համարելով այն պատվախնդրության հարց և ապացուցել, որ ինքը ներկայացնում է հզոր պետություն, որին պետք է հարգել և հաշվի նստել հետը: ![]() -Բաթումիի նավթամշակման գործարանը աշխատում էր միայն լիբիական նավթով, իսկ լիբիացիները դադարեցրին առաքումը,- պատմում է Հակոբովը:-Մոսկվան ուղարկում է հեռագիր հեռագրի հետևից, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Կատուշևի ստորագրությամբ: Հայտնելով, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի, Վրաստանում կարող են գործադուլներ սկսվել, նա խնդրում է ուղարկել թեկուզ մեկ տանկեր: Մի քանի անգամ դիմում եմ տեղական ղեկավարությանը: Անօգուտ: Պատասխան չկա և վերջ: Գնացի արտգործնախարարության արարողակարգի ղեկավարի մոտ, սեղանին դրեցի դիվանագիտական քարտս և ասացի. «Հաղորդե’ք Ջելուդին, որ եթե երկու օրում նավթը չբարձվի, թողնում եմ Ձեր երկիրը»: Ու՞մ է պետք այն դեսպանը, որը չի կարող իր երկրի համար հսկայական պարտքի դիմաց մի տանկեր նավթ ստանալ: Վերադառնալով դեսպանություն` հայտնեցի ԱԳՆ, որ հարցը չլուծվելու դեպքում խնդրում եմ ինձ հետ կանչել: Ես լավ էի հասկանում, որ վտանգում եմ իմ կարիերան: Չանցած երկու ժամ` զանգահարում է անձամբ Ջելուդը. «Սաֆիր (դեսպան-արաբ.), նավը բեռնված դուրս է գալիս նավահանգստից»: Ես փորձեցի պատկերացնել, թե իմ ծանոթ դեսպաններից ով կհամարձակվեր դիմել նման քայլի, և չկարողացա պատասխանը գտնել: Սմոլենսկի հրապարակում այն կարծիքը կա, որ Կադաֆիի հետ աշխատած ամենահաջողակ դեսպանը Հակոբովն է եղել: Կադաֆին խորապես հարգում էր Հակոբովին և հաշվի էր նստում հետը: Նա պարգևատրվել է «Լիբիական բանակի ամրապնդման համար» շքանշանով: Կադաֆիին չէր մոռանում դեսպանին և ամեն տարի նրան հրավիրում էր ազգային տոնակատարություններին: Թվում էր, թե Հակոբովը դեռ երկար էր «նստելու» Լիբիայում, սակայն երեք տարի հետո նրան ուղարկում են թոշակի: Հրաժեշտի ժամանակ Կադաֆին դժգոհել է Հակոբովի մեկնելու կապակցությամբ և հետաքրքրվել, թե ինչու է գնում: Ասել է, որ «իրենք հարմարվել են մեկմեկու և առջևում համագործակցության հեռանկարներ կան»: Հակոբովի պատճառաբանությունները՝ կապված տարիքի, ռոտացիայի` կադրային փոփոխության և այլ պարագաների հետ, չեն համոզել Կադաֆիին, և նա արել է դեսպանի համար ծանր ընդհանրացում: - Հավանաբար արաբներին հասկացող դեսպաններ պետք չեն Մոսկվային: Գորբաչովը, Շեվարդնաձեն և Յակովլևը վաղուց ծախվել են արաբներին: Շեվարդնաձեն, որը այդ ժամանակ պաշտոնաթող էր եղել և ստեղծել էր Արտաքին քաղաքական ընկերություն, առաջարկում է նրան իր տեղակալի պաշտոնը: Իսկ երբ Շեվարդնաձեն վերադառնում էր Թբիլիսի, Հաբոբովին առաջարկում է իր դիվանագիտական խորհրդականի պաշտոնը: Հակոբովը մերժում է` ասելով. «Վրաստանը վրացիների համար է»: | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2425 reads | 28.06.2013
| |