ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱԼԻՔՆԵՐԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 6-րդ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ՍԿԻԶԲԸ՝
![]() Կանադայում հակախորհրդային ուժերն առիթ բաց չէին թողնում դիվանագետների կյանքը պղտորելու համար, իսկ իշխանությունները դրան նայում էին մատերի արանքով: Այդ նպատակով օգտագործվում էին ազգային փոքրամասնությունները` ուկրաինական, հրեական, հունգարական համայնքները: Հատկապես հունգարական համայնքը, որի հիշողության մեջ դեռեւս թարմ էին երկու տարի առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերը եւ դրանցում զրահատանկային զորքերի հրամանատար Համազասպ Բաբաջանյանի խաղացած որոշակի դերը: (1956 թվականին խորհրդային տանկերը մտան Բուդապեշտ և զենքի ուժով կասեցրին հունգարացիների փորձը դուրս գալ սոցիալիստական լագերից և անցնել Արևմուտքի կողմը): Օտտավայում արագ լուր տարածվեց, որ նոր դեսպանը մարշալի հայրենակիցն է: Դա այսօրվա լրագրային լեզվով սեւ PR էր Հարությունյանի համար, եւ նրա ժամանման օրը հարյուրավոր մարդիկ ցույցի դուրս եկան դեսպանության շենքի առաջ, վանկարկելով այն, ինչը գրված էր պաստառներին. «Haroutunian go home»: (1970-ականների սկզբներին սովորում էի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում: Յուրի Անդրոպովի որդին` Իգոր Անդրոպովը, աշխատում էր նույն ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում որպես կրտսեր գիտաշխատող: Նա մեր հասակակիցն էր, համեստ ու պարզ մի անձնավորություն: Ձմեռային քննաշրջանի ավարտից հետո Դեմոկրատական Գերմանիայի համակուրսեցիների հրավերով արձակուրդներն անցկացրինք նրանց երկրում: Իգորը մեզ հետ էր: Ճամփորդելիս մարդիկ մտերմանում են, անկեղծանում: Նա Դրեզդենում պատմեց, որ հայրը, որն այն ժամանակ Հունգարիայում ԽՍՀՄ-ի դեսպանն էր, իբր, դեմ է եղել սովետական զորքերը Հունգարիա մտցնելուն: Փոխարենն առաջարկել է երկրում անցկացնել կուսակցական-պետական ռեֆորմներ` բարեփոխություններ: - Քաղբյուրոն չլսեց նրան, եւ Հունգարիայում արյուն թափվեց: Մենք շատ բան կորցրինք, իսկ զինաթափումը տասնյակ տարիներով մտավ փակուղի,- ասաց Իգորը: [Հունգարական դեպքերին վերաբերող վերջին տարիներին հրապարակված աշխատություններում ասվում է հակառակը: Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում Ալեքսանդր Ստիկալինի ‹‹Ընդհատված հեղափոխություն: 1956 թ.-ի Հունգարական ճգնաժամը եւ Մոսկվայի քաղաքականությունը›› մենագրությունը, որում հեղինակը ռուսական եւ օտար արխիվների հարուստ նյութերի հիման վրա ապացուցում է, որ ռազմական միջամտության առաջին հրահրողը եւ ջատագովը եղել է հենց Անդրոպովը: Երկրի բարձրագույն ղեկավարությունից միայն Անաստաս Միկոյանն էր, որն, ինչպես հունգարական դեպքերից անմիջապես առաջ Բուդապեշտ այցելելուց հետո, այնպես էլ Գերագույն խորհրդում հարցի կրկնակի քննարկման ժամանակ, դեմ է արտահայտվել զորքերն այդ երկիրը մտցնելուն: Մեր կողմից ավելացնենք, որ Անդրոպովը իր մեղքի բաժինն ունի նաեւ Աֆղանական պատերազմում: 1979թվականին, երբ մարազմի` զառամախտի հասած Բրեժնեւը եւ նույն վիճակում գտնվող Քաղբյուրոյի շատ անդամներ կորցրել էին երկիրը նորմալ կառավարելու ունակությունը, պետության ռազմաքաղաքական գիծը տանում էր Անդրոպով, Ուստինով, Գրոմիկո հզորագույն տրիումվիրատը` եռյակը: Այդ եռյակն էլ երկիրը ներքաշելու էր աֆղանական արյունահեղության մեջ, որը տեւելու էր յոթ տարի, պատճառ էր դառնալու տասնյակ հազարավոր զոհերի, դժբախտացնելու էր ընտանիքներ, կոտրելու էր ճակատագրեր] Ավստրիայում աշխատելու ընթացքում համատեղության կարգով նշանակվեցի դեսպան հարեւան Հունգարիայում: Նախագահ Գյոնցին էի հանձնում հավատարմագրերը: Զրույցի ընթացքում նա սիրալիր էր եւ այդպես էլ մնաց հետագա հանդիպումների ժամանակ: Ծանոթ էր հայ-հունգարական հարաբերությունների պատմությանը, գնահատում էր հունգարահայերի խաղացած դերը երկրի կյանքում, հիշում էր Խորհրդային Հայաստանի առեւտրատնտեսական եւ մշակութային ուղիղ կապերը Դյոր-Շոպրոն մարզի հետ, որոնցով ակտիվորեն զբաղվում էր Հայաստանի Կոմկուսի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Գյոնցը մաղթեց, որ այդ կապերը վերականգնվեն ու խորանան: Խոստացավ օգնել դեսպանության կազմակերպչական աշխատանքներին: Հետո անդրադադառնալով 1956թ. իրադարձություններին, նա թռուցիկ հիշատակեց Բաբաջանյանի անունը: Նկատեցի, որ մարշալը պարզապես կատարել է զինվորին տրված հրամանը: Եթե չլիներ հայազգի Բաբաջանյանը, լինելու էր մեկ ուրիշը: - Հուսանք, որ հետայսու մեր ժողովուրդներին կկապեն միայն հաճելի հիշողություններ,- եզրափակեց նախագահը: Հունգարացիների հետ, տարբեր մակարդակներով իմ հետագա հանդիպումների ժամանակ, ոչ ոք այլևս չանդրադարձավ 56-ի դեպքերին: Պարզապես կարելի է ափսոսալ, որ պաշտոնի բերումով դրանց մասնակցած ռազմական մեծ գործչի, իմիջիայլոց, նրան մոտիկից ճանաչողների ընդհանուր կարծիքով` նաեւ մեծ հայասերի անունը, բացասական զգացումներ է առաջացնում բարեկամ հունգար ժողովրդի մեջ: Հեղինակի անձնական արխիվից)
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2261 reads | 06.03.2013
| |