ԴԵՍՊԱՆԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՍԽԱԼՎՈՒՄ Է. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Դեսպան Վասիլի Ռիկովը տիպիկ կուսակցական աշխատող էր: Ալժիր գալուց առաջ, որը նրա համար առաջին արտասահմանյան երկիրն էր, եղել էր Թուրքմենիայի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար, ԽՍՀՄ ԿԿ անդամության թեկնածու: Սոցիալիստական կողմնորոշում ունեցող Ալժիրում դեսպան կարող էր նշանակվել բացառապես նման կենսագրություն ունեցող կուսակցական գործիչը: Խորհրդային ղեկավարության մոտ ձևավորվել էր այն կարծիքը, որ Ալժիրը Մագրեբում մեզ ամենամոտ և հավատարիմ երկիրն է: Այդ ղեկավարության կարծիքով, պակաս կարևոր չէր այն հանգամանքը, որ նրա նախագահ Հուարի Բումեդիենը Խրուշչևի ձեռքից է ստացել Խորհրդային Միության հերոսի ոսկե աստղը: Այդ տարիներին Խորհրդային Միություն-Ալժիր քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական և մշակութային հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին: Երկրում խորհրդային մասնագետների թիվը հասնում էր 12 հազարի: ԽՍՀՄ-ի օգնությամբ արևելքում կառուցվեց Էլ-Հաջարի հզոր մետալուրգիական գործարանը, Անաբան Միջերկրական ծովի միակ նավահանգիստն էր, ուր այցելում էին միջուկային հրթիռներով զինված խորհրդային սուզանավերը` անձնակազմին հանգիստ տալու, ջրի և սննդի պաշար վերցնելու համար: Այս ամենով հանդերձ դժվար էր համաձայնել Ռիկովի հետ, երբ նա հայտարարում էր, որ «ժամանակն է Ալժիրի հետ ստեղծել հատուկ բլոկ»: Ալժիրի նկատմամբ Մոսկվայի թյուր մտածելակերպը արդյունք էր նաև դիվանագետական, քաղաքական և հետախուզական ծառայությունների ապակողմնորոշման: Առաքելյանը հանդես էր գալիս նման քաղաքական ստի դեմ և բարձրաձայն ապացուցում, որ Ալժիրում տեղի են ունենում խորքային, մեզ համար ոչ բարենպաստ գործընթացներ, որոնք երկիրը քաշում են ծայրահեղական իսլամիզմի ճահճուտը: Ռիկովի համար դա երկու ժողովուրդների անխախտ բարեկամության դեմ հանդուգն ոտնձգություն էր, կատարյալ հերետիկոսություն: Առաքելյանի և Ռիկովի տարաձայնությունը և սկզբունքային հարցերի շուրջ հակասությունները հասան այն աստիճանի, որ Սերգեյը ստիպված եղավ թողնել Ալժիրը: Դեսպանը միշտ ճիշտ է և իրավացի ` անկախ նրանից, թե ինչու և ինչի շուրջն է ստեղծվել վիճահարույց իրադրությունը: Ռիկովի անսասան հավատը ալժիրցիների սոցիալիստական պայծառ ապագայի նկատմամբ բացառում էր դիվանագետի որևէ այլ կարծիքի ակնարկն անգամ: ![]() Առկա էր տարածաշրջանի և Ալժիրի ներքաղաքական իրավիճակի վերլուծության բացառիկ բարենպաստ հնարավորություն: Պատրաստեցի տեղեկանք Ալժիրում «Եղբայր մահմեդականների կազմակերպության» գործունեության մասին և ուղարկեցի Մոսկվա, իսկ կրկնօրինակը` դեսպանություն: Փաստաթուղթը պարունակում էր հստակ տեղեկատվություն և ճշգրիտ փաստեր Ալժիրում գլուխ բարձրացնող իսլամական ֆունդամենտալիզմի մասին: Մի քանի օր անց դեսպան Ռիկովը կանչեց ինձ մայրաքաղաք և ծանր խոսակցություն վարեց հետս, որի մոտավոր բովանդակությունն այն էր, որ ինքը չի կարող հանդուրժել, երբ դեսպանությունը մի տեղեկատվություն է ուղարկում կենտրոն, իսկ հյուպատոսությունը` մեկ այլ: Անգամ թափանցիկ ակնարկ արեց հայկական քննադատամոլության սինդրոմի մասին, նկատի ունենալով մի քանի ամիս առաջ մեկնած Առաքելյանին: Բարեբախտաբար, միջադեպը զարգացում չունեցավ: Մի քանի օր անց Ալժիր ժամանեց I Աֆրիկյան բաժնի վարիչ Ալեքսեյ Շվեդովը, որն ամենևին չէր կիսում Ռիկովի հայացքները, և, ըստ երևույթին, ասել էր նրան, որ ինձ հանգիստ թողի: Երբ ամռանը եկա արձակուրդ, Շվեդովն անդրադառնալով հիշյալ տեղեկանքին, ասաց, որ ինքը հավանել է այն և ուղարկել է Կենտկոմի միջազգային բաժին, և մի տեսակ մեղավոր ավելացրեց, որ ԱԳՆ-ում շատերն են հասկանում ֆունդամենտալիզմի մեծացող վտանգը, սակայն «հարցերը լուծվում են այլ մակարդակներով»: Հեղինակի անձնական արխիվից Երկու տասնամյակ անց պայթեցին Ալժիրի արյունալի դեպքերը, որոնք դեռ քառորդ դար առաջ կախատեսել և հաշվարկել էր Սերգեյ Առաքելյանը: Օտարերկրյա դիտորդների անտարբեր հայացքի ներքո 1992-ից 1999-ը մարդկային զոհերի թիվը երկրում հասավ 100.000-ի: Մարտնչող իսլամը քայքայեց այդ երբեմի հարուստ երկրի տնտեսությունը, ծնեց մասսայական ամենաթողություն, անկառավարելի ուրբանիզացիա և հանցագործությունների հզոր ալիք: | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
1864 reads | 28.04.2013
| |