ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ՍԿԻԶԲԸ՝ ![]() Ասվածը իր հիշողություններում փաստում է նաեւ կադրային դիվանագետ Վլադիմիր Սեմյոնովը, որն աշխատել է Հարությունյանի հետ, իսկ հետագայում եղել է դեսպան տարբեր երկրներում: «Ա.Ա. Հարությունյանը,- գրում է նա,- փորձառու դիվանագետ էր, տնտեսական գիտությունների դոկտոր, նախկինում` ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսագիտական տարբեր կազմակերպություններում: Նա եւ նրա հմայիչ կինը օրգանապես ներդաշնակվել էին Օտտավայի եւ Մոնրեալի բարձրաշխարհիկ հասարակությանը, ինչին նպաստում էր այն, որ նրանք տիրապետում էին եւ՛ անգլերեն, եւ՛ ֆրանսերեն լեզուներին: Հետեւելով տեղի արարողակարգին եւ սովորույթներին, դեսպանը ընդունելությունների ժամանակ, առանց ձեւականության (նկատի ունի՝ առանց թարգմանչի.- Ա. Ն.), կարողանում էր տեղում անբռնազբոս, անցնելով մեկից մյուսին՝ զրուցել իրեն հետաքրքրող ցանկացած անձնավորության հետ»: Դեսպանով հետաքրքրվում է նաեւ համալսարանական ուսանողությունը: Նրան հրավիրում են Քվեբեկի համալսարան: Երբ տեղ է հասնում, պարզվում է, որ կաթոլիկ եկեղեցին կոչ է արել բոյկոտել «կարմիր սատանայի» ելույթը: Ուսանողները ընդվզում են, եւ հանդիպումը կայանում է: Դասախոսությունը լինում է հետաքրքիր, ըմբռնելի ու անկեղծ: Բայց իշխանությունների կողմից Հարությունյանին բոյկոտելու փորձերը որոշ ժամանակ դեռեւս շարունակվում են: Քվեբեկից հետո, երբ նա պետք է հանդես գար Շերբրուկում, քաղաքագլուխը եւ մի քանի պատգամավորներ, ի նշան բողոքի, հեռանում են քաղաքից: Սակայն կասեցնել դեսպանի գործունեությունը չի հաջողվում եւ հյուսվում է նրա հրապարակային դասախոսությունների շղթան` ողջ երկրով մեկ: Հարությունյանը ելույթներ է ունենում համալսարաններում, գիտական կազմակերպություններում, գործարարների ակումբներում, խորհրդարանում, հայկական, ռուսական, ուկրաինական եւ բելառուսական համայնքների առաջ: Նա ցանկալի հյուր էր հատկապես, Թորոնթոյում, որի քաղաքապետը` սկզբում զգուշավոր էր, իսկ հետո դարձավ նրա երկրպագուն: Նա դեսպանին մտերմաբար անվանել է Հարություն: Եվ նա պարզ, մատչելի, սրամիտ լեզվով պատմում էր քաղաքականության, տնտեսագիտության, կրթության, արվեստի ու գրականության մասին: Ընդ որում, խոսում էր այն լեզվով, որը հասկանալի էր տվյալ լսարանին` ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն: Դեսպանը տիրապետում էր հռետորական արվեստի գաղտնիքներին, գերում էր լսարանը եւ շահում ներկաների համակրանքը: Համընդհանուրի կարծիքով Հարությունյանը հռետորական արվեստի մեծ վարպետ էր: Օրինակներից մեկը. Մոնրեալի համալսարանի նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Խորհրդային դեսպանը պատմում է Գագարինի տիեզերական թռիչքի մասին: (Հետագայում տիեզերագնացը եւ նա դարձան բարեկամներ): Իսկ վերջում ասում է. «Մենք զարգացնում ենք տիեզերական գիտությունները: Սակայն, եթե մենք առաջինը հասանք տիեզերք, մի կարծեք, որ պատրաստվում ենք գրավել այն: Ե՛վ տիեզերքը, եւ՛ երկրագունդը բոլորինս է: Մենք պետք է սովորենք միասին ապրել այստեղ, սիրել եւ հարգել միմյանց»: Դահլիճը ոտքի կանգնած ծափահարում է: Հարությունյանը` որպես դիվանագետ, ուներ մի մեծ առավելություն եւս: Նա «բաց» էր զանգվածային լրատվական միջոցների առաջ, ինչը չէր կարելի ասել խորհրդային շատ դեսպանների մասին: Հարությունյանը «հայտնություն» էր կանադական լրագրողների համար` իր ինքնատիպությամբ, ազգային ուրույն կոլորիտով եւ կուլտուրայով: Նա հայտնություն էր նաեւ որպես արվեստների խորը գիտակ: Հարությունյանը պատկանում էր այն դիվանագետների սերնդին, ովքեր մշակութային գործունեությունը դիտում են քաղաքական լայն տեսանկյունից: Շատ է գրվել խորհրդային առաջին արտգործնախարար Չիչերինի՝ արվեստների, մասնավորապես երաժշտության նկատմամբ տածած սիրո եւ հրապույրի մասին: Նրա հեղինակած մենագրությունը Մոցարտի մասին կարեւորվել է մասնագետների կողմից: Համոզված եմ, որ Հարությունյան դիվանագետ-արվեստագետը պակաս հետաքրքրություն չի ներկայացնում, քան Չիչերինը, եւ այս համադրումը արժանի է առանձին ուսումնասիրության: Հարությունյանի մոտեցումը արվեստներին չի սկսվել եւ չի վերջացել պաշտոնի բերումով ու նրա սահմաններում: Նուրբ, տարիներ շարունակ հղկված ճաշակը, արվեստների` պրոֆեսիոնալիզմի հասնող ընկալումը նրա էության բնական մասն են կազմել: Հարությունյանը քաջատեղյակ էր հայկական, ռուսական եւ համաշխարհային գրականությանը: (Հայկական մշակույթին նրա առնչությանը կանդրադառնանք առանձին): Նա մոտ էր կանգնած մոսկովյան մշակութային կյանքին: Մայրաքաղաքի թատերական աշխարհն իր հերթին ճանաչում եւ ընդունում էր Հարությունյանին: Նրան սիրել եւ հարգել են անվանի ռեժիսորներ` հայր ու որդի Ռուբեն եւ Եվգենի Սիմոնովները: Ռ. Սիմոնովը հպարտացել է Համո Ակիմովիչի բարեկամությամբ, անվանելով նրան «մեր ժամանակների պանծալի դեմքերից մեկը», իսկ Ե. Սիմոնովը 1970-ի փետրվարի 15-ի իր նամակում գրել է. «Ես ուղղակի ապշած եմ, թե Դուք որքան նրբորեն եք ընկալում ոչ միայն ներկայացումը, այլեւ լրագրական հասարակ գրախոսականը: Դուք այնքան լավ եք գրել, որ մեր թատերական քննադատները կարող են նախանձել եւ՛ մտքեր արտահայտելու Ձեր ունակությանը, եւ՛ Ձեր դիտողականությանը: Ձեր սերը կերպարվեստի, քնարերգության, երաժշտության, թատրոնի նկատմամբ իր տեսակի մեջ եզակի է: Եվ դրա համար Ձեր բարեկամները միշտ այդպիսի ուշադրությամբ եւ հմայված են լսում Ձեզ: Մեր դերասաններն արդեն վաղուց Ձեզ համարում են իսկական վախթանգովական»: Հարությունյանի մահվան առթիվ անվանի ռեժիսորն ասել է. «Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն Սովետական Միության դիվանագիտության, այլեւ սովետական արվեստի համար: Նա գեղանկարչության, երաժշտության, թատրոնի մեծ գիտակ էր, խորը գնահատող»: Հարությունյանի կանադական աշխատանքային օրագրերը ամբողջական պատկերացում են տալիս նրա նախասիրությունների մասին: Դրանք վկայում են, որ նա կազմակերպել է ժամանակի լավագույն կատարողական կոլեկտիվների եւ անհատների հյուրախաղերը Կանադայում: Օպերայի եւ բալետի Մեծ թատրոն, Խորհրդային բանակի Ալեքսանդրովի անվան համույթ, Պյատնիցկու երգչախումբ, Թաքթաքաշվիլի, Օյստրախ, Գիլելս, Կոգան, Կլիմով, Դոլուխանովա, Լիսիցյան, Ուլանովա, Պլիսեցկայա... Թվարկումը ինքնին խոսում է դեսպանի ճաշակի եւ գեղագիտական մակարդակի մասին: Նրա դեսպանության օրոք այնտեղ կայացել են գիտության եւ տեխնիկայի, գեղանկարչության, գրքի եւ այլ բնույթի տասնյակ ցուցահանդեսներ, անցկացվել են արվեստի, պատմության եւ գրականության մրցույթներ: «Մշակութային զանգվածային հարձակում». այսպես են գնահատել կանադացիները դեսպանի գործունեությունն իրենց երկրում, նշելով, որ մայրաքաղաքի լավագույն սրահներից մեկը՝ «Place des Arts», Հարությունյանն «ամբողջովին յուրացրել է»: 1972-ին, Մոնրեալում, ընդունելություններից մեկի ժամանակ ինձ ծանոթացրին աշխարհահռչակ լուսանկարիչ Հովսեփ Քարշի հետ, զգուշացնելով նախապես, որ նա թշնամաբար է տրամադրված «սովետների» նկատմամբ եւ հրաժարվում է անգամ Հայաստան այցելելուց: Ավելացրին, որ նա չի էլ թաքցնում իր վերաբերմունքը խորհրդային մարդկանց նկատմամբ: Սակայն ինձ համար հետաքրքիր էր տեսնել Շոուի, Չերչիլի, Հեմինգուեյի եւ այլ մեծերի դիմանկարների տաղանդավոր հեղինակին: - Հարությունյանին գիտեի՞ք,- չոր տոնով հարցրեց վարպետը: Ասացի, որ գիտեի, բայց անձամբ տեսնելու բախտ չեմ ունեցել: - Շատ բան եք կորցրել: Նա Մոսկվայից էր, բայց ազնվագույն անձնավորություն էր, մեծություն: Հարությունյանը Օտտավան վերածեց արվեստի կենտրոնի,- ասաց Քարշը: Հեղինակի անձնական արխիվից
Հետագայում Հարությունյանը հաճախ է անդրադարձել այդ հանդիպմանը` խորապես ափսոսալով Քենեդիի կորուստը: Նա այն միտքն է հայտնել, որ Քենեդին շատ բան կարող էր անել միջազգային լարվածությունը մեղմելու, Մոսկվայի հետ հարաբերությունները շտկելու ասպարեզում: Մյուս կողմից` նա վրդովվել է, երբ հիշել է կանադական խորհրդարանում Ջոն Քենեդիի արած այն հայտարարությունը, թե «ԽՍՀՄ-ի հիսուն տարին պատմության համար մի ակնթարթ է: Կգա ժամանակը, եւ այդ համակարգը կդադարի գոյություն ունենալուց, քանի որ կենսունակ չէ»: Ես հասկանում եմ Հարությունյանի ընդվզումը: Ինչպես նա, այնպես էլ մենք` խորհրդային դիվանագետներս, ԽՍՀՄ-ի բոլոր արատները եւ աքիլեսյան գարշապարները իմանալով հանդերձ, ենթադրել անգամ չէինք կարող, որ այն փլուզվելու է հաշվված օրերում: Հավանաբար, մեզ վատ էին սովորեցրել քաղաքական կանխատեսումների արվեստը...
Կանադայում դիվանագիտական խնդիրների իրագործման ճանապարհին գոյություն ունեին զգալի խոչընդոտներ: Սակայն խոսքը միայն երկկողմ հարաբերությունների մասին չէ, որոնք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով սառն էին, մեղմ ասած` ոչ բարեկամական: Նման իրավիճակը Մոսկվան հիմնականում պայմանավորում էր Կանադայի քաղաքական, ռազմական եւ տնտեսական կախվածությամբ ԱՄՆ-ից: Հետեւաբար, անհրաժեշտ էր որքան հնարավոր է խորը սեպ խրել նրանց հարաբերություններում: Այսպիսի խնդիր էր դրել կենտրոնը Հարությունյանի առաջ: Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի` «Գլխավոր հակառակորդի» (ինչպես այն անվանվում էր Մոսկվայի ռազմաքաղաքական շրջանակներում) եւ նրա դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների վատթարացումը Խորհրդային Միության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էր: «Գլխավոր հակառակորդը», բնականաբար, վճարում էր նույն դրամով: Իսկ hակառակորդ պետությունների միջեւ հակասությունները սրելու եւ թշնամանք սերմանելու քաղաքականությունը այնքան հին է, որքան ինքը` դիվանագիտությունը: Խորհրդային իրականության մեջ այն առաջինը կիրառել է Լենինը, երբ 1922թ. Ջենովա մեկնող պատվիրակությանը հանձնարարել է «անել ամեն հնարավորը եւ մի բան էլ անհնարինը» բուրժուական երկրներն իրարից տարանջատելու եւ գժտեցնելու համար: Թե որքանով էր Հարությունյանը հավատարիմ լենինյան այս պատգամին, դժվար է ասել: Բայց շատ ավելի դժվար էր, եթե ոչ անիրագործելի, կասեցնել բոլոր ուղղություններով զարգացող ամերիկա-կանադական համագործակցությունը: Այդ երկրները կապված էին ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքով, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրով, որի շնորհիվ Կանադայի տարածքում տեղադրված էին ատոմային զենքով հագեցած ամերիկյան ռազմական բազաները: Մոսկվայի համար պակաս մտահոգիչ չէին կանադա-ամերիկյան համագործակցության մյուս ոլորտները: Ամերիկացիները, փաստորեն, հսկողություն էին սահմանել արդյունաբերության, կապի եւ լրատվության հիմնական ճյուղերի վրա, իսկ նավթի, գազի, ինքնաթիռների եւ ավտոմոբիլների արտադրություն մեջ այն հասնում էր 80-90 %-ի: Օտարերկրյա 60 միլիարդանոց կապիտալ ներդրումների 80%-ը նույնպես պատկանում էր ամերիկացիներին: Երկրի 400-ից ավելի խոշորագույն ընկերությունների ակտիվների կեսից ավելին գտնվում էին հարավային հարեւանի ձեռքում: Հասկանալի է, որ այս ամենը չէր կարող գոհունակություն պատճառել կանադացիներին: Նրանց հատկապես գրգռում էր ամերիկյան տրեստների եւ կորպորացիաների գործելակերպը, այն, որ այդ կառույցների վրա չէին տարածվում տեղական օրենսդրական եւ հարկային օրենքները: «Ապրել ձեր կողքին մոտավորապես նույնն է, ինչ որ մի սենյակում քնել փղի հետ»,- այսպես է ներկայացրել այն տարիներին ամերիկյան հարեւանությունը վարչապետ Պիեր Էլիոթ Թրյուդոն (The New York Times, March 26, 1969): Լինելով սթափ մտածող եւ պրագմատիկ քաղաքական գործիչ` սրամիտ Թրյուդոն, իր իսկ խոսքերով, ճգնել է Կանադան դարձնել «ապուխտ` բուտերբրոդի մեջ», այսինքն` ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ: Իսկ շարքային կանադացիների համար նվաստացուցիչ էր լինել քեռի Սեմի «փայտահատները եւ ջրկիրները»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2508 reads | 05.02.2013
| |