ПЕРЕВОДЧИКА ПОД ТРИБУНАЛ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան 60-ականների սկզբներին Սերգեյ Առաքելյանն աշխատում էր Ասուանում (Եգիպտոս) որպես փոխհյուպատոս: Հյուպատոսության հիմնական խնդիրներից մեկը ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցվող հիդրոկայանի շինարարության ապահովումն էր, որը համարվում էր դարի կառույցը աֆրիկյան մայրցամաքում և կարևոր քաղաքական նշանակություն ուներ Մոսկվայի համար: Ականատեսները պատմում են, որ չնայած իր երիտասարդ տարիքին, Սերգեյը կարևոր դեմք էր բազմահազարանոց կոլեկտիվում: Նա միակ թարգմանիչն էր, որ հասկանում էր երկրի հարավային բարբառով խոսող շինարարներին: Նրանք մեծ ակնածանք էին տածում Առաքելյանի նկատմամբ` իրենց նկատմամբ ազնիվ, մարդկային վերաբերմունքի համար: Նրա նման մարդիկ քիչ կային արտասահմանում գործող խորհրդային կազմակերպություններում: Սերգեյի խորը համակրանքը և հարգանքը արաբ ժողովրդի նկատմամբ, սկիզբ առնելով այդ օրերից, ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում: Փոխհյուպատոսը տարբերվում էր խորհրդային շատ մարդկանցից: Սոցիալիզմի գաղափարախոսությանը հատուկ էր քաղաքական դեմագոգիան և մարդկային լավագույն հատկանիշների իմիտացիան` նմանակումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Այդ գաղափարախոսությունը և նրանից բխող մարդու բարոյական կոդեքսի հիմնական սկզբունքներից մեկը ինտերնացիոնալիզմն էր, որը, de facto չէր կիրառվում և չէր քաջալերվում Մոսկվայի կողմից: Ավելին, տարբեր երկրներում աշխատող մեր հազարավոր մասնագետներին արգելված էր աշխատանքից դուրս շփվել տեղացիների հետ: Պատճառը պարզից էլ պարզ էր. զերծ պահել խորհրդային մարդուն օտար հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու վտանգից: ![]() Բազմահազարանոց հանրահավաքից առաջ, տեսնելով իր կողքին կանգնած իրաքյան կոմունիստների դահճին` նախագահ Արիֆին, Խրուշչովը բարկանում է. -Передайте Насеру, что рядом с Арифом срать не сяду! Այդ «նուրբ» առաքելությունը դրվում է Սերգեյի վրա: Նա, որ ի տարբերություն Խրուշչովի, դիվանագետ էր, հետևաբար` ավելի բարեկիրթ էր և հղկված, Նասերին, հավանաբար, փոխանցում է ոչ կանոնակարգված ժողովրդական բանահյուսության գրական տարբերակը: - Դա Խրուշչովի իրավունքն է: Ես պարզապես ուզում էի նրանց հաշտեցնել,- պատասխանում է Նասերը: Երբ Առաքելյանը Խրուշչովին փոխանցում է Նասերի ցանկությունը, նա ձեռքը թափ է տալիս. -Да пошел он… Скажи не буду мириться и все! Սակայն Սերգեյի համար փորձությունը դեռև առջևում էր: Համաժողովի ժամանակ ելույթ է ունենում Խրուշչովը, ողջունում է ներկա պետությունների բոլոր ղեկավարներին, բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս իր կողմից ավելացնում է Արիֆի անունը: Ինչու՞ է նա անում դա. դիվանագիտական էթիկա՞, քաղաքական նկատառու՞մ, թե՞ թարգմանչի սայթաքում, դժվար է ասել: Սակայն եղածը եղած էր: Եվ Խրուշչովից ոչ հեռու կանգնած պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոյի ռազմական հետախուզության թարգմանիչը նրա ականջին փսփսում է, որ Առաքելյանը թարգմանելիս ինքնակամ ողջունել է իրենց դասակարգային թշնամուն: Մարշալը հրամայում է իրեն ուղեկցող զինվորականներին. -Переводчика под трибунал! ![]() 50 տարի առաջ Նեղոսի ափերին խաղացված այս տեսարանը թերևս առաջացնի ընթերցողի ժպիտը: Սակայն , երբ պատվիրակությունը, ըստ այցելության ծրագրի ժամանեց Ալեքսանդրիա, Սերգեյի և նրա ընկերների սրտին, ինչպես ասում են` դանակ խփեիր, արյուն չէր կաթի: Գահընկեց արված թագավոր Ֆարուկի պալատում Խրուշչովին և Նինա Պետրովնային տրամադրված թագավորական շքեղ ապարտամենտները խորհրդային առաջնորդին առանձնապես չեն տպավորում: Նա, արագ հանելով կոստյումը, վրան է քաշում ուկրաինական ասեղնագործած վերնաշապիկը և դուրս գալիս զբոսնելու: Տեսնելով միջանցքում հերթապահող դեսպանության երրորդ քարտուղար Հակոբովին` Խրուշչովը հետաքրքրվում է պատերին փորագրված գրառումներով: Հակոբովը կամ դժվարանում է թարգմանե,լ կամ որոշակի նկատառումով թարգմանությանը մասնակից է դարձնում ոչ հեռու տխուր-տրտում կանգնած Սերգեյին: Վերջինս փայլուն կերպով, համապատասխան մեկնաբանություններով, փոխանցում է սուրահների բարդ, փիլիսոփայական բովանդակությունը: Իջնում են բակ: Հետաքրքրասեր Խրուշչովն արաբ պարտիզպանին հարցուփորձ է անում շրջապատի փարթամ բուսականության մասին: Նիկիտա Սերգևիչը նկատում է, որ նա կարգին բան չի ասում, իսկ Սերգեյը երկար-բարակ պատմում է յուրաքանչյուր ծառ ու ծաղկի մասին, տալիս գիտական բացատրություններ: Խրուշչովի այն հարցին, թե որտեղի՞ց գիտի այդ ամենը, Առաքելյանը համեստորեն բացատրում է երկար ժամանակ իր Եգիպտոսում աշխատելու հանգամանքով: Այնուհետև երկու հայ երիտասարդներն անում են քայլ ձիով: Հակոբովը Առաքելյանին հայերեն ասում է, որ նա հեռանա և Խրուշչովին հայտնում է, որ նրան դուր եկած հեռանկարային երիտասարդ դիվանագետը մարշալ Գրեչկոյի կարգադրությամբ շուտով կանգնելու է զինվորական դատարանի առաջ: Եվ պատմում է կատարված միջադեպի մասին: -Что за чушь,-լինում է Խրուշչովի հակազդեցությունը: Հետո մոտ է կանչում ստվերի նման իրեն հետևող «Իզվեստիա» թերթր գլխավոր խմբագիր` իր փեսա Աջուբեյին ու կարգադրում, որ Գրեչկոյին «դուրս կանչի պատշգամբ», իսկ Հակոբովին` «մենակ թողնի իրեն»: Թե ինչ խոսակցություն է տեղի ունենում Խրուշչովի և պաշպանության նախարարի միջև, պատմությանը հայտնի չէ: 15 րոպե անց սպասարկող խմբին հայտնի է դառնում, որ հարցը փակված է: Այդ երեկոն Սերգեյը և ընկերները նշում են, ինչպես որ հարկն է: Երբ տարիներ անց Առաքելյանը պատմեց ինձ այդ դեպքի մասին, հիշեցի մեկ ուրիշ դեպք կապված մարշալի հետ: ա/ Մոսկվա տեղափոխվուց առաջ աշխատում էի հանրապետության կառավարության արտաքին հարաբերությունների բաժնում: Հայաստանը մեծ շուքով նշում էր խորհրդայնացման 50-ամյակը: Երևան էր ժամանել ԽՍՀՄ-ի ողջ ղեկավարությունը` Բրեժնևի գլխավորությամբ: Կենտկոմի վարչական օրգանների բաժնի վարիչ Մավր Դավթյանին և ինձ «կցել» էին պաշտպանության նախարար Գրեչկոի պատվիրակությանը, այսինքն` երեք օր պետք է գիշեր-ցերեկ գտնվեինք նախարարի կողքին` կառավարական առանձնատներից մեկում: Մենք նախանձով էինք լսում երաժշտության, ծիծաղի և բաժակաճառերի ձայները, որոնք մեզ էին հասնում կողքի առանձնատնից, ուր իջևանել էր Ուկրաինայի Կենտկոմի առաջին քարտուղար Շելեստի պատվիրակությունը: Նրան «կցված» մեր ընկերները պատմում էին, որ մի «նստելուն» նա խմում է առնվազն երկու շիշ «Արաքս» գինի: Մյուս հանրապետություններից և գերատեսչություններից ժամանած բոլոր պատվիրակությունների մոտ ևս մթնոլորտը տոնական էր: Իսկ Գրեչկոն ուներ ստամոքսի ինչ որ խնդիրներ, սնվում էր միայն շիլայով, և միշտ լուռ էր: Երեք օրվա ընթացքում մենք նրանից չլսեցինք երկու բառ անգամ: Իսկ վերջին երեկո, երբ խմբով վերադարձանք կառավարական համերգից, ընթրիքի ժամանակ Գրեչկոն հանկարծ խախտեց լռությունը և գլուխը բարձրացնելով ափսեից` մելամաղձոտ հարցրեց. -А как зовут ту красивую женщину, вашу примоданну, вроде шолковая? Ասացինք, որ այդ գեղեցիկ կինը, որը փայլուն ասմունքեց, մեր պրիմադոննա Մետաքսյա Սիմոնյանն է: (Մետաքսյա Սիմոնյանի նկարը ) Գրեչկոն գլխով արեց, և նրա դեմքին ժպիտի նման մի բան խաղաց: Հաջորդ օրը մարշալը մյուս պատվիրակություններից շուտ մեկնեց Մոսկվա: Երբ արդեն բարձրացել էր ինքնաթիռ, համհարզը նախարարի անունից Մավր Դավթյանին և ինձ արագ փոխանցեց մեկական «Պոլյոտ» ժամացույց և նույն արագությամբ միացավ իր շեֆին: Մենք ազատ շունչ քաշեցինք: բ/ Դեպքերի բերումով կրկին բախտ ունեցա տեսնելու Գրեչկոյին` նրա պաշտոնական այցելության ժամանակ` Ալժիր, որտեղ աշխատում էի որպես հյուպատոս: Պաշպանության նախարարի պաշտոնը վարում էր նախարար Հուարի Բումեդիենը, իսկ գործնական ղեկավարությունն իրագործում էր նախարարության գլխավոր քարտուղար Աբդել Համիդ Լատրեշը, ով և օդանավակայանում դիմավորեց մարշալին, ինչը լիովին տեղավորվում էր արարողակարգի շրջանակներում: Գրեչկոն արտահայտեց իր դժգոհությունը դիմավորման ցածր մակարդակի մասին և հարցրեց: - Որքա՞ն է ժամանակի տարբերությունը Մոսկվայի և Ալժիրի միջև: - Երկու ժամ,- եղավ պատասխանը: Մարշալը խիստ տոնով կարգադրեց Լատրեշին. - Այսպես, ծրագիրը փոխել Մոսկվայի ժամանակով: Ոչ-ոք չհամարձակվեց առարկել, իսկ մի քանի ժամ հետո նախատեսված էր պաշտոնական ճաշկերույթ, հրավիրատոմսերն արդեն ուղարկված էին: Բոլորը նստեցին հեռախոսների մոտ և միջոցառման ժամը փոխվեց: Հաջորդ անակալը պահված էր ճաշկերույթի համար: Հրավիրյալների թիվը հինգ հարյուր էր` կառավարության լրիվ կազմը, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը, հյուրեր: Առաջինը սպասարկեցին գլխավոր հյուրին և պատվիրակության անդամներին: Մինչև մատուցողները կմոտենային մյուս հրավիրվածներին, Գրեչկոն արագ վերջացրեց ուտելը և վեր կացավ սեղանից: Ամբողջ դահլիճը խայթվածի պես ոտքի կանգնեց և հետևեց նրան` առանց ճաշելու: Բայց լուրջ քաղաքական անհեթեթությունը տեղի ունեցավ հաջորդ օրը` Բումեդիենի ընդունելության ընթացքում: Նախագահը ողջունեց հյուրին, հետո խոսքը տվեց արտաքին գործերի նախարար Աբդելազիզ Բուտեֆլիկային, որը Ալժիրի ներկայիս նախագահն է: Նախարարի պերճախոս ելույթը երկու ժողովորդների անխախտ բարեկամության և ողջ երկրագնդում սոցիալիզմի մոտալուտ հաղթանակի կատարյալ ներբող էր, իսկ մեզ` դիվանագետներիս համար, նախարարարի ելույթը քաղաքական բլեֆ էր, քանի որ լավ գիտեինք Բուտեֆլիկայի ով լինելը և կենտրոնին կանոնաբար տեղեկացնում էինք նրա հակախորհրդային դիրքորոշման և ֆրանսամետության մասին: Ընդունելությունից հետո մարշալը գոհ հայտարարեց Բուտեֆլիկային. -Իսկ դեսպանն ինձ ասում էր, որ Դուք ֆրանսիայի բարեկամն եք, մեր` թշնամին… Պարզվում է, որ նա սխալվում է, Դուք Խորհրդային Միությա’ն բարեկամն եք: Արևելքում նման վիրավորանքը չի ներվում: Եվ դեսպանը մինչև իր գործուղման ավարտը սպասում էր, որ Բուտեֆլիկան վրեժ կլուծի և իրեն կհայտարարի persona non grata: Պակաս վախ չուներ նա նաև Մոսկվայից: Բայց այնտեղ երևի այնքան էլ մեծ համարում չունեին զառամախտի հասած մարշալի դիվանագիտական հոտառության և նրբանկատության վրա, և միջադեպը մոռացվեց: Հեղինակի անձնական արխիվից | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2445 reads | 01.04.2013
| |